2022 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 43%-ը Ռուսաստանից է
2022 թվականի առաջին կիսամյակում արտասահմանից Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ: 2021 թվականի նույն կիսամյակի համեմատ այս թիվը 2.4 անգամ աճել է:
Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ այս աճն ապահովել են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները։
Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկի կարգավիճակով Հայաստան է ժամանել 95 030 ՌԴ քաղաքացի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2.6 անգամ ավելի շատ՝ 251 035։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 42.6%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Զբոսաշրջիկների մոտ 20%-ը ՀՀ քաղաքացիներ են՝ 117 003 զբոսաշրջիկ։ Այս թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 94.4%-ով աճել է։ Խոսքը ՀՀ այն քաղաքացիների մասին է, որոնք ապրում են արտերկրում։
2.9 անգամ աճել է Հայաստան ժամանած վրաստանցիների թիվը՝ հասնելով 62 874-ի։
Իրանի քաղաքացիները Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 8%-ն են կազմել։ Ժամանել է 48 122 իրանցի, որը 81.3%-ով աճել է։
Զբոսաշրջիկների կազմում հինգերորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են։
Միևնույն ժամանակ, 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտերկիր է մեկնել 343 553 զբոսաշրջիկ։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս թիվն աճել է 2.9 անգամ։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Մեկնաբանել