HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Թեև տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 %-ը, գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ կան. Փաշինյան

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրում՝ 2023 թ.-ից նվազեցնելով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցումների չափը։ 

«Ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, և մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի ունեցել ենք 1669.22 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի արդեն 900 հեկտարի հայտ ունենք, և դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 % վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50 % քեշբեքը դառնալու է 30 %: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ հասնել մեր դրած թիրախներին»,- նախագծի քննարկմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ինտենսիվ այգիների պետական աջակցությամբ հանրապետությունում 2018 թ․ ներկայացվել է 20 հա ինտենսիվ այգի, 2019 թ․՝ 53,2 հա, 2020 թ․՝ 518,6 հա, իսկ 2021 թ․՝ 1669,22 հա ինտենսիվ այգի հիմնելու հայտ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց, որ տարեկան առնվազն 1000 հա տնկված ինտենսիվ այգի ունենալը ՔՊ կուսակցության նախընտրական թեզերից էր։

«Ուրախ ենք արձանագրել, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հա-ի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել: Մեր տրամաբանությունը հետևյալն է՝ մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը պատշաճ ցանկալի մակարդակի չէ»,- հայտնեց գործադիրի ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ թեև երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 %-ը, այսինքն՝ առկա է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց գյուղատնտեսության ոլորտում կան խնդիրներ, գյուղատնտեսական արտադրանքի անկում։

«Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, և այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը»,- հայտնեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter