HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա այս տարվա սեպտեմբերին։ Այդ մասին թուրքական A Haber հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը, որի անունը չի նշվում։ 

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ <...> ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ սա փխրուն գործընթաց է, անհրաժեշտ է ամուր խաղաղության հասնել»,- նշվում է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման հստակ օրվա կամ վայրի մասին այլ մանրամասներ թուրքական կողմը չի հայտնում։ Այդուհանդերձ, նշվում է, որ թուրքական կողմը դեմ է հանդիպումը երրորդ երկրի տարածքում անցկացնելու գաղափարին։ «Սա թշնամիների հանդիպում չէ, անթույլատրելի է, որ այն անցկացվի երրորդ երկրի տարածքում»,- նշել էր Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Ավելի վաղ, թուրքական կողմը տարբեր մակարդակներով հայտարարել էր, որ իրենք ցանկանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները վարել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։ 

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս չկա։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- նշել է Հունանյանը։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները գլխավոր խոչընդոտն են Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter