HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Թեհրանն ավելի է «ձգում պնդօղակները»

Նախօրեին Իրանը հետ կանչեց Ադրբեջանում իր արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Բաղիր Բահրամիին: Salam News կայքը, հղում անելով տեղյակ աղբյուրներին, նշում է, որ հետկանչի պատճառը Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հասցեին հնչեցված վիրավորանքներն էին, և «խորհրդատվության նպատակով» Թեհրան կանչված դեսպանի Բաքու վերադառնալու ժամկետը առայժմ հայտնի չէ:

Սա հստակ դիվանագիտական դեմարշ է Թեհրանի կողմից, սակայն Բաքվում կարծես մտադիր չեն անսալ բանականության ձայնին և շարունակում են հակաիրանական հիստերիան: Թեպետ ամեն ինչ սկսվեց կարծես բավական աննշան միջադեպից, երբ Թավրիզում մի խումբ երիտասարդներ ընդամենը պիկետ կազմակերպեցին ադրբեջանական հյուպատոսության առջև` դատապարտելով շիա մահմեդական երկիր հանդիսացող Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացումը, ինչը, ի դեպ, արտառոց բան է իսլամական համարվող երկրի համար: Սակայն Բաքուն արդեն մեկ շաբաթ է` չի դադարում Թեհրանին «անարգանքի սյունին գամելուց»` դիտարկելով իրանցիների քննադատությունը իբրև երկրի ներքին գործերին միջամտություն: Եթե այսպիսի ոչ նշանակալի միջադեպից լարվածության ուղղակի ահագնացող ալիք կարող է առաջանալ, դա ինքնին ցույց է տալիս, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները խորքում այլևս ծայրահեղ խնդրահարույց են, ու ամեն պատահական «կայծից» կարող է իսկական հրդեհ բորբոքվել:

Եվ եթե ադրբեջանական քաղաքական գործիչներն ու պաշտոնական բյուրոկրատիան, մասնավորապես սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Ա. Ալիզադեն, «Ենի Ադրբեջան» կուսակցությունից պատգամավոր Զ. Օրուջը, ԱԳՆ մամուլի խոսնակ Է. Աբդուլլաևը մեղադրում են Թեհրանին Բաքվի ներքին գործերին միջամտելու շարունակական փորձերի համար և փորձում կրծքով պաշտպանել աշխարհիկ կարգերն ու բարքերը Ադրբեջանում, Իրանի դեսպանատունը մայիսի 16-ի հայտնի ցույցից հետո տարածեց մի շատ ուշագրավ հայտարարություն. «Այդ ցույցը անօրինական էր և այն անցկացնում էին հակաիսլամական ուժերի կողմից խաբված մարդիկ: Դեսպանությունը ցավակցում է ամբողջ աշխարհի և հատկապես Ադրբեջանի շիա մահմեդականներին և տեղի ունեցածը գնահատում իբրև մեր կրոնի դեմ ուղղված գործողություն: Այն տարածաշրջանում արևմտյան շրջանակների քաղաքականության բաղադրիչն էր` շիաների և ողջ իսլամական աշխարհի առաջնորդ այաթոլլա Խամենեիին ուղղված վիրավորանքները չեն կարող չվիրավորել ցանկացած ազատ մարդու հոգին: Այդպիսի գործողություններ հրահրողները պետք է գիտակցեն, թե որքան վտանգավոր հետևանքներ կարող են լինել Իրանում բնակվող ադրբեջանցիների շրջանում»: Ընդ որում Թեհրանը անմիջապես գործադրեց Իրանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ հնչեցված սպառնալիքը: Նախօրեին Թավրիզում, Ուրմիայում և Մարանդում իբր Ուրմիա լճի բնապահպանական վիճակով մտահոգված իրանական ադրբեջանցիների մի քանի զանգվածային ցույցերից հետո, արևմտյան աղբյուրների պնդմամբ, միայն Թավրիզում ձերբակալվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Դրան զուգահեռ Բաքվի տարբեր շրջաններում շենքերի շքամուտքերում հայտնաբերվեցին թռուցիկներ և դիսկետներ, որոնցում դատապարտվում էր «Եվրատեսիլի» անցկացումը Բաքվում և նույն օրերին սպասվող միասեռականների շքերթը: (Ի դեպ, ուշագրավ է համադրությունը Վրաստանում և Հայաստանում համանման փորձերի հետ): Ադրբեջանում չգրանցված Իսլամական կուսակցության առաջնորդ Է.Մանաֆովը իրանական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե միասեռականների շքերթի անցկացումը իրենք թույլ չեն տա ցանկացած դեպքում: Սակայն ուշագրավ է Մանաֆովի բնութագրումը Ադրբեջանում ստեղծված ներքին կացության առումով. «Վերջին տարիներին կառավարությունը մեզ վրա խիստ ճնշում է գործադրում ` համախմբելով բոլոր ռեսուրսները ընդդեմ մեր հավատի և համոզմունքների: Հիմա էլ «Եվրատեսիլ» են կազմակերպում, իբր թե երկրի բոլոր պրոբլեմները լուծված են, և միայն այդ կեղտոտ մրցույթն էր մեզ պակասում: Մինչդեռ Ադրբեջանի բոլոր տարածաշրջանները խեղդված են աղքատության և անիրավության մեջ, գործազրկությունը ուղղակի անչափելի է: Այդ մրցույթը կազմակերպելով` կառավարությունն ուզում է ընդգծել իր արևմտամետությունը, իսկ Իրանի աջակցությունը Ադրբեջանի մահմեդականներին փորձում է ներկայացնել իբրև երկրի ներքին գործերին միջամտություն: Այո, մենք ունենք այդ բարոյական աջակցության կարիքը Իրանի կողմից` որպես եղբայր մահմեդականներ, և դա ոչ մի կապ չունի միջամտության հետ»:

Կարելի է փաստել, որ Ադրբեջանում նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ առկա է իսլամական տրամադրությունների աճ, և պաշտոնական Բաքուն դրանում տեսնում է Իրանի դերը ու փորձում իր պատկերացմամբ հակազդել: Ըստ ամենայնի իրավիճակը բավական բարդ է և իրադարձությունների զարգացումը` անկանխատեսելի, եթե Ադրբեջանում աշխարհիկ բարքերի պաշտպանության դիրքերից սկսել է հանդես գալ նաև Անկարան, ինչը նշանակում է, որ Թուրքիան ևս մտահոգ է Ադրբեջանում իրանական կողմնորոշում ունեցող տարրերի և ուժերի ակտիվացմամբ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրքական խորհրդարանի պատգամավոր Մ. Քաբակչին անմիջապես հանդես է եկել Բաքվի պաշտպանությամբ և հայտարարել. «Ադրբեջանական ժողովուրդը իսլամական միասնության մի կարևոր և գնահատելի մասն է, և ոչ ոք իրավասու չէ ցուցումներ տալ նրան, թե ինչպես պաշտպանի իր արժեքները: Դա արվում է նաև առանց կողմնակի օգնության: Եվ ճիշտ չէ «Եվրատեսիլը» կապել կրոնի հետ: Այդ մրցույթը մշակութային միջոցառում է, որի միջոցով ժողովուրդները ավելի լավ են ճանաչում միմյանց: Մանավանդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում Ադրբեջանը առավել ևս կարիք ունի իր արդարացի դիրքորոշումը հասցնել միջազգային հանրությանը` ցանկացած ձևով: Կարծում եմ` իրանցի քաղաքական գործիչների և պատգամավորների գործը չէ ցուցումներ տալ Ադրբեջանին, թե ինչ պետք է անել կամ չանել: Էթիկայի խախտում է հարևանների գործերին միջամտելը` նաև շարիաթի սկզբունքներից ելնելով: Թող բոլորն իմանան, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ նրա կողքին է լինելու: Մենք երբեք միայնակ չենք թողնի Ադրբեջանին և աջակցելու ենք ամեն ինչում: Թուրքիան միայն ուրախանում է Ադրբեջանի հաջողություններով, որովհետև դա նաև մեր հաջողությունն է: Եվ մյուս հարևաններն էլ պետք է նույն կերպ վարվեն»:

Առայժմ հակադրության խորացումը դրսևորվում է ոչ ամենաբարձր պետական մակարդակում: Այսինքն` ինչպես Բաքվից ու Թեհրանից, այնպես էլ Անկարայից հայտարարությունների «փոխհրաձգությանը» մասնակցում են ոչ ամենաբարձր օղակների պաշտոնյաները: Բայց լարվածության աճի միտումը ցույց է տալիս, որ այդ օրն էլ հեռու չէ: Այս իրադրությունը հաստատում է մի քանի իրողություն: Առաջին` Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը թուլացնելու Անկարայի մի շարք փորձերը վերջին շրջանում որևէ արդյունքի չեն հանգեցրել: Երկրորդը թերևս այն է, որ Իրանն իսկապես մտահոգ է Իսրայելի հետ Բաքվի չափազանց ջերմ հարաբերություններով և հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանի վերածումը Իրանի վրա հնարավոր հարձակման պլացդարմի` ամենևին էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ: Եվ, ըստ ամենայնի, Թեհրանում որոշել են ադրբեջանական ընտրություններին նախորդող շրջանում գործի դնել իրենց ազդեցության ներքին ռեսուրսները` ի դեմս նույն Իսլամական կուսակցության և թալիշաբնակ շրջաններում բողոքի գործողությունների, պաշտոնական Բաքվին մի լավ «թափ տալու» համար:

Իրանի ակտիվացմանը նպաստում է նաև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության աճը: Ռուսական փորձագիտական շրջանակներում արդեն հնչում են տեսակետներ, որ եթե եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի ձևավորման հետ կապված (ուր Թուրքիան կարևոր օղակներից մեկն է) չհաջողվի առանցքային համաձայնությունների հանգել, Մոսկվան ոչ միայն «Իսկանդեր» տակտիկական հրթիռներ պետք է տեղակայի Կալինինգրադի մարզում, բելառուսա-լեհական սահմանին և Հյուսիսային Կովկասում, այլև վերականգնի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը` ողջ անհրաժեշտ ծավալով: Մանավանդ որ սիրիական ճգնաժամը խորացնելու արաբական որոշ երկրների, Թուրքիայի և ԱՄՆ-ի անթաքույց ցանկությունը միայն մեծացնում է Մոսկվա-Թեհրան հարաբերություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Իսկ այդ իրավիճակը` Բաքվի ներկայիս ռազմավարության պայմաններում, Ադրբեջանին որևէ լավ բան չի խոստանում:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter