HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը դիտարկում է միջուկային գործարքի վերաբերյալ Եվրամիության առաջարկները

Իրանը դիտարկում է միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ եվրոպական երկրների ներկայացրած առաջարկները։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։

«Իրանը դիտարկում է ստացված առաջարկները, որպեսզի համոզվի նրանում, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին։ Եվրոպայի առաջարկները ընդունելի կլինեն, եթե դրանք ապահովեն Իրանի նկատմամբ քաղաքական հարցերի լուծումը, որոնք կապված են Միջուկային զենքի չտարածման, պատժամիջոցների և (միջուկային գործարքից ԱՄՆ) դուրս չգալու երաշխիքների պայմանագրի հետ»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է իրանական գործակալությունը։

Նախօրեին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի եզրափակիչ տեքստի նախագիծը։ Համաձայն առկա տեղեկատվության՝ Եվրամիությունը Թեհրանին զիջումներ է առաջարկել հետաքննության հարցում, որը վերաբերվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, ինչի ծագումն իրանական կողմը չէր բացատրել։ Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այս հետաքննությունը հանդիսանում է արևմտյան կողմի համար հիմնարար խնդիրներից մեկը։

Այս ամսվա սկզբին Վիեննայում մեկնարկել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլը։ Ավստրիայի մայրաքաղաք էր մեկնել իրանական պատվիրակությունը՝ ԱԳ փոխնախարար, հիմնական բանակցող Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ևս հայտարարել էր, որ Վիեննա է մեկնում միջուկային գործարքի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

Լուսանկարը՝ ATTA KENARE/AGENCE FRANCE-PRESSE/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter