
ԱՄՆ-ում հարձակվել են հայտնի գրող Սալման Ռուշդիի վրա. գրողը միացվել է արհեստական շնչառության ապարատին
ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել հայտնի գրող Սալման Ռուշդին։ Ամենայն հավանականությամբ, նա կզրկվի աչքից։ Հարձակում իրականացրած անձի մոտիվների մասին դեռևս չի նշվում, սակայն Ռուշդիի նկատմամբ դեռևս գործում է ֆաթվա՝ մահվան դատավճիռ, որն արձակվել է Իրանի նախկին հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի կողմից։
«Լուրերը վատն են։ Սալմանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի մեկ աչքը։ Վնասված են ձեռքի նյարդերը։ Դանակի հարվածի հետևանքով վնասվել է լյարդը»,- BBC-ն մեջբերել է գրողի գործակալի՝ Էնդրյու Ուայլիի գրավոր հայտարարությունը։ Գործակալի խոսքով՝ Ռուշդիին միացրել են արհեստական շնչառության ապարատին։
Ինչպես փոխանցում են արևմտյան գործակալությունները, Ռուշդին պատրաստվում էր դասախոսությամբ հանդես գալ Նյու Յորք նահանգի արևմուտքում գտնվող Չոտոկուա տեղանքի հանրային կազմակերպություններից մեկում։ Նրան անունն արդեն հայտարարել էին, երբ բեմի վրա է ցատկել մի մարդ և հարձակվել գրողի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ հարձակումը գործած անձը դիմակով է եղել և Ռուշդիին հասցրել է դանակի մի քանի հարված, որից հետո գրողն ընկել է, իսկ նրան սրահից օգնության են շտապել մի քանի մարդիկ, որոնք նաև օգնել են բռնելու հարձակվողին։
Հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նա Նյու Ջերսի նահանգի 24-ամյա բնակիչ Հադի Մատարն է։ Ինչպես պնդում է ոստիկանությունը, Մատարի գործողությունների մոտիվը մինչ այս պահը հայտնի չէ։ Դրանով ոստիկանության հետ միասին զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Ոստիկանության խոսքով՝ Մատարն ունեցել է Ռուշդիի դասախոսությանը մասնակցելու անցագիր և նախնական տվյալների համաձայն միայնակ է գործել։
Ռուշդիի վիրավորվելուց մի քանի ժամ անց ոստիկանությունը հայտնեց, որ դեռևս շարունակվում է գրողի վիրահատությունը, ինչպես նաև նշեց, որ նա վիրավորվել է պարանոցից և որովայնից։
When Salman Rushdie was stabbed in New York.#SalmanRushdie pic.twitter.com/ZUE8UlMxiU
— Gaurav Agrawal (@GauravAgrawaal) August 12, 2022
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում Ռուշդիի վրա հարձակմանը հաջորդած առաջին վայրկյանների մասին։ «Առավոտյան ծրագրի մեկնարկից մի քանի րոպե անց, սովորական հայտարարություններով, կանոնակարգի մասին հաղորդավարի պատմությամբ, թե ով կլինի հյուրի հետ բեմում և այլն, ինչ-որ մեկը բեմ ներխուժեց հետնամասից և մի քանի անգամ դանակով հարվածեց Սալման Ռուշդիին: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ։ Մենք այստեղ մեր համայնքում լիովին ցնցված ենք»,- BBC-ին հայտարարել է դեպքի ականատեսներից Կառլ Լիվենը։
Buffalo News պարբերականի լրագրող Մարկ Սոմերն էլ BBC-ին պատմել է, որ հարձակում գործած անձը եղել է սև դիմակով։
Ռուշդիին անվասայլակներով դուրս են հանել Չոտոկուայի ինստիտուտի շենքից և ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ, ոստիկանությունը հայտնել է, որ նա դանակահարվել է որովայնից։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլն էլ հայտարարել է, որ Ռուշդին ողջ է, իսկ միջոցառման վարող Հենրի Ռիսն ստացել է գլխի ոչ մեծ վնասվածք։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և բրիտանացի մյուս պաշտոնյաները դատապարտել են Սալման Ռուշդիի վրա հարձակումը՝ այն անվանելով սպառնալիք խոսքի ազատությանը, որի իրավունքն ունի գրողը։ Ջոնսոնն ասել է, որ ցնցված է Սալման Ռուշդիի վրա հարձակմամբ, որն այդ ժամանակ «ուներ այն իրավունքը, որը մենք միշտ պետք է պաշտպանենք»։ «Մտքերով ես գտնվում են նրա հարազատների հետ և մենք բոլորս հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը։
Appalled that Sir Salman Rushdie has been stabbed while exercising a right we should never cease to defend.
— Boris Johnson (@BorisJohnson) August 12, 2022
Right now my thoughts are with his loved ones. We are all hoping he is okay.
Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը ևս խիստ քննադատության է ենթարկել գրողի վրա հարձակումը։ «Այդպիսի բռնությունն անթույլատրելի է, և մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշվում է խորհրդի հայտարարության մեջ։
Penguin Random House հրատարակչության տնօրենը, որը հրատարակում է Ռուշդիի գրքերը, գրողի վրա հարձակումն անվանել է հանրային բռնության գործողություն։ Մարկուս Դոլն ասել է, որ խորապես ցնցված է տեղի ունեցածով։
Հնդկական ծագմամաբ բրիտանացի գրող Սալման Ռուշդին մի շարք գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նաև հայերեն։ Նրա ստեղծագործությունների թվում է նաև «Սատանայական բանաստեղծություններ» վեպը։ Բազմաթիվ մուսուլմաններ այդ գիրքը համարում են անարգանք, և 1988 թվականին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Խոմեյնին արձակել էր Ռուշդիի սպանության ֆաթվա՝ մահվան դատավճիռ։ Ընդ որում, ֆաթվան պատվիրակում էր սպանել ոչ միայն Ռուշդիին, այլև գրքի հրատարակման հետ կապ ունեցող մյուս անձանց։
Ռուշդին թաքնվում էր 9 տարի, մինչև Իրանի նոր իշխանությունները 1990-ական թվականների վերջին հայտարարեցին, որ չգործող են համարում 1989 թվականին մահացած այաթոլահ Խոմեյնիի արձակած ֆաթվան։ Սակայն ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական մակարդակով այն մնում է ուժի մեջ։ Արևմուտքում ապրող Ռուշդիի գլխի համար իրանական իսլամանական հիմնադրամներից մեկը խոստանում էր 3,3 միլիոն դոլար։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել