
Էստոնիան և Ֆինլանդիան ցանկանում են ռուսական նավերի համար արգելափակել Ֆիննական ծոցը
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը և նրա ֆինն գործընկեր Անտի Կայկոնենը բանակցություններ են վարել, որի ընթացքում քննարկել են հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հնարավորությունը, որը կարող է փակել Ֆիննական ծոցը ռուսական ռազմանավերի համար։ Այդ մասին ֆիննական Iltalehti պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Պևկուրը։
«Մենք պետք է ինտեգրենք առափնյա պաշտպանության մեր հրթիռային համալիրները։ Էստոնական և ֆիննական հրթիռների գործողության հեռահարությունը գերազանցում է Ֆիննական ծոցի լայնությունը։ Դա նշանակում է, որ մենք միավորում ենք հակահրթիռային պաշտպանության մեր համակարգերը և միմյանց հետ կիսում ողջ տեղեկատվությունը»,- պատմել է Պևկուրը։
Էստոնիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից հետո Բալթիկ ծովը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի ներքին ծով և դա «կփոխի իրավիճակը այսօրվա իրավիճակի հետ համեմատած»։
2021 թվականին Էստոնիան որոշում էր կայացրել գնելու իսրայելական հականավային Blue Spear հրթիռներ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է 290 կիլոմետր։ Ֆինլանդիան ռազմածովային ուժերի MTO 85M հրթիռների գործողության հեռահարությունն էլ կազմում է ավելի քան 100 կիլոմետր։
Ավելի վաղ, քննարկելով էստոնական և ֆիննական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ինտեգրման հնարավորությունը, Պևկուրը նշել էր, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցումը կփոխի Բալթիկ ծովի տարածաշրջանի պոտենցիալ մարտական տարածքը` ապահովելով եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը։
Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար՝ նրանց հայտերին պետք է աջակցեն Դաշինքի բոլոր 30 անդամները։ Ներկայում հայտերը դեռևս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Թուրքիան և Հունգարիան։
Լուսանկարը՝ EPA-ի
Մեկնաբանել