
Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հանդիպեն Նյու Յորքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հաջորդ ամիս հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ մասին շաբաթ օրը գրել է Sabah թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16-երի գնման բանակցություններն ընթանում են արդեն որոշ ժամանակ։ Այդ հարցը սեղանի վրա կլինի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպման ժամանակ, որը կանցկացվի հաջորդ ամիս Նյու Յորքում»,- գրում է թուրքական թերթը։
Թուրքիան նախատեսում է Միացյալ Նահանգներից ձեռքբերել 40 հատ F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են թուրքական զինանոցում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ հույս ունի, որ կստանա Կոնգրեսի հավանությունը՝ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասով։ Զուգահեռաբար, ԱՄՆ կոնգրեսականների խումբը հայտարարություն է ստորագրել, որտեղ դեմ են արտահայտվում Թուրքիային ամերիկյան կործանիչների վաճառքին։ Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում է այս գործարքին։ Դա դարձավ պատճառներից մեկը, որ Էրդողանը հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռքբերված պայմանավորվածությունների խախտման մեջ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել