HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարձակում Երուսաղեմի Լացի պատի մոտ. վիրավորվել է 8 մարդ

Օգոստոսի 14-ի գիշերը զինված անձը Երուսաղեմում Լացի պատի մոտ կրակ է բացել ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի իշխանություններին։ 

Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01:24-ին (Երևանի ժամանակով՝ 02:24-ին), երբ հավատացյալները վերադառնում էին Լացի պատի մոտից։ Հարձակման մեջ կասկածյալը 27-ամյա պաղեստինցի է Արևելյան Երուսաղեմից, որը թաքնվել էր դեպքի վայրից։ Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին, որ հարձակում իրագործած անձը հանձնվել է իշխանություններին։ Իսրայելական ոստիկանությունը դեռևս չի հաստատել, որ հենց այդ անձն է կրակ բացել։

Իրավապահ մարմինները հարձակումը որակում են որպես ահաբեկչություն։ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ հարձակման հետ կապ ունեցող անձինք «պատասխան կտան վնասի համար, որը հասցվել է մեր խաղաղ բնակիչներին»։ 

Գնդակոծության տակ հայտնված ավտոբուսի վարորդ Դենիել Կանևսկին հայտնել է, որ հարձակման պահին ավտոբուսը լիքն է եղել ուղևորներով։ «Մենք իջեցնում էինք թեքահարթակը հաշմանդամություն ունեցող անձի համար, իսկ հետո սկսվեց կրակահերթը։ Բոլորն սկսեցին բղավել և ընկան գետնին։ Ես փորձեցի մեկնել, բայց ավտոբուսը չի կարող շարժվել բաց թեքահարթակով»,- լրագրողներին ասել է նա։

Սոցիալական ցանցերում դեպքի վայրից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում են ոստիկանության զինված աշխատակիցներ։ Որոշ ժամանակ Լացի պատի մոտ գտնվող համալիրից ելքը փակ էր։ 

Վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ վիճակում, այդ թվում՝ մեկ հղի կին։ Նրան արագ կեսարյան հատում է արվել։ Նորածին երեխան ողջ է, գտնվում է ծանր վիճակում, սակայն իրավիճակը կայուն է։

Իսրայելական մամուլի տվյալներով՝ չորս տուժած անձ Նյու Յորքից ժամանած միևնույն ընտանիքի անդամ են, որոնք այցելել էին Իսրայել։ 

Լացի պատը հրեա հավատացյալների համար ամենասուրբ վայրերից մեկն է։ Ամեն տարի այստեղ աղոթելու են այցելում հազարավոր մարդիկ։ 

Պատահարը տեղի է ունեցել Գազայի հատվածում Իսրայելի զինված գործողությունից մեկ շաբաթ անց, որի հետևանքով այնտեղ զոհվել է 47 մարդ։ Իսրայելական բանակը հրթիռային և հրետանային բազմաթիվ հարվածներ է հասցրել Գազայում «Իսլամական ջիհադի» դիրքերին, որի հետևանքով վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ։

Պաղեստինյան կողմը ևս հազարավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, որի հետևանքով Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանների բնակիչները, ներառյալ Թել Ավիվում, ստիպված էին իջնել ապաստարաններ։

Լուսանկարը՝ Maya Alleruzzo/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter