
Վլադիմիր Պուտինը «Սուրմալու»-ում պայթյունի վերաբերյալ ցավակցական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը, վերջին տվյալներով, դարձել է 6 մարդու մահվան պատճառ։
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք խորը ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- նշվում է Պուտինի ցավակցական հեռագրում, որը տարածել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։
Ավելի վաղ, ռուսական կողմից ցավակցական հայտարարություն էր տարածել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Արդեն 24 ժամ է անցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից, որը, վերջին տվյալներով, դարձել է 6 մարդու մահվան պատճառ։ 18 քաղաքացի շարունակում է մնալ անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ նշում է, որ մինչ այս պահը կրակը մարել դեռևս չի հաջողվել։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։
Մեկնաբանել