
Ուկրաինայի զինված ուժեր. ռուսական ռազմական հրամանատարությունը լքում է Խերսոնը
Ռուսական ռազմական հրամանատարությունը Դնեպր գետի աջ ափից տեղափոխվում է ձախ ափ՝ փաստացի լքելով Խերսոն քաղաքը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը՝ Media Centre Ukraine-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Կան գրանցված փաստեր, որ օկուպացիոն զորքերի հրամանատարական կետերին (մասնավորապես՝ բանակների և բրիգադների հրամանատարական կետերին) մեր հարվածներից հետո նրանց հրամկազմը շատ արագ տեղափոխվել է «կամրջից այն կողմ», այսինքն ձախ ափ, որպեսզի կտրված չլինի առավել անվտանգ տարածքներ տեղափոխման հնարավորությունից»,- հայտարարել է Գումենյուկը։
Ավելի վաղ, Խերսոնից ռուսական զորքերի հրամանատարության հեռանալու մասին հայտարարել էին ուկրաինական պաշտոնյաները։ Օգոստոսի 13-ին Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը գրել էր, որ «(Խերսոնում ռուսական խմբավորման) ողջ հրամանատարական կազմը տեղափոխվում է Դնեպրից այն կողմ»։ Օգոստոսի 15-ին Խերսոնի մարզային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Սոբոլևսկին հայտարարել է, որ ռուսաստանցիների զինվորական հրամատարությունը «իրոք լքել է Խերսոնը»։ «Նրանց մեծ մասն արդեն իսկ հեռացել է Խերսոնից, կա նաև այդ մասին տեղեկություն»,- ասել է Սոբոլևսկին։
Խերսոնի մարզում Դնեպրի վրա կառուցված միայն երեք կամուրջ կա։ Դա Անտոնովի կամուրջն է, որը գտնվում է Խերսոնի արվարձանում, երկաթուղային կամուրջը, որը գտնվում է քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա և Կախովկայի ջրամբարի ամբարտակի վրա կառուցված կամուրջը, որն էլ իր հերթին Խերսոնից գտնվում է ևս 50 կիլոմետր հեռավորության վրա։
Վերջին շաբաթներին Ուկրաինայի զինված ուժերը մի քանի անգամ ռմբակոծել են Անտոնովի կամուրջն ամերիկյան HIMARS համակարգերից՝ փորձելով այն անպիտան դարձնել ռուսական զորքերի մատակարարումների համար։ Օգոստոսի 14-ին Նատալյա Գումենյուկը հայտարարել է, որ ուկրաինական բանակը կամրջին հերթական հարվածն է հասցրել, «որպեսզի ապահովի դրա վերջնական անանցանելիությունը»։
Հուլիսի վերջին ուկրաինական ուժերը հայտարարել էին, որ անանցանելի են դարձրել երկաթուղային կամրջով երթևեկությունը։ Օգոստոսի 13-ին էլ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարեց Նովայա Կախովկայի մոտ գտնվող ամբարտակի վրա կառուցված կամրջի շարքից հանելու մասին։
Բրիտանական ռազմական հետախուզությունը օգոստոսի 13-ի իր տեղեկագրում հայտնել էր, որ Խերսոնի մարզում Դնեպրի արևմտյան ափին «մի քանի հազար» ռուսական զորքերի ցամաքային մատակարարումը «գրեթե ամբողջությամբ» կախված է միայն կամրջանավերից։
Լուսանկարը՝ Константин Михальчевский / РИА Новости
Մեկնաբանել