
Սգո օրերին պետական դրոշն իջեցվելու է
Ինչպես արդեն հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրեր հայտարարելու որոշում է ստորագրել: Երկօրյա սուգը Երևանի Սուրմալու տոնավաճառի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակի համար է:
Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքի համաձայն` սգո օրերին պետական դրոշն իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
Այդ օրերին ամբողջ հանրապետությունում արգելվելու են համերգային ծրագրերը, հեռուստաընկերությունները եթեր չեն հեռարձակելու ժամանցային, երգիծական հաղորդաշարեր:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, անհետ կորած է համարվում երեք քաղաքացի: Երկու օրերի ընթացքում ժամանակ առ ժամանակ բռնկվող հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին:
Մեկնաբանել