HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել էր «Շիրակ Ավիայի» երկրորդ՝ «Boeing 737-800» ինքնաթիռը (EK-SHB)։ Առաջին օդանավը («Boeing 737-500» տիպի), որը կրում է EK-SHA գրանցումը, այժմ շահագործվում է ընկերության կողմից։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ «Շիրակ Ավիայի» երկու բորտերի սեփականատերը գյումրեցի ավիատոր Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունն է։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եգիպտական «AMC Airlines»-ն էր։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չէր շահագործվել ու կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, որտեղից ենթադրվում էր դրա ժամանումը Հայաստան։

Սակայն ՀՀ օդանավերի ռեգիստրի օգոստոսի 4-ի թարմացումը ցույց է տալիս, որ «Boeing 737-800»-ը հանվել է ռեգիստրից։ Բանն այն է, որ սեփականատերը՝ Պապիկյանի «Meridien (FZE)» ընկերությունն, այն վարձակալությամբ հանձնել է իր երկարամյա գործընկերոջը՝ սուդանական «Badr Airlines»-ին։ Օգոստոսի 7-ին օդանավը Կահիրեից տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարթում եւ ամսի 9-ից սկսել թռիչքները «Badr Airlines»-ի կազմում։

Գառնիկ Պապիկյանի ընկերություններն («Meridien», «Տարոն-Ավիա») ու «Badr Airlines»-ը հին գործընկերներ են։ Դեռ 2015-ի օգոստոսին Պապիկյանի հայկական «Տարոն-Ավիան» իր «Boeing 737-500» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-73775) «թաց վարձակալությամբ» հանձնել էր սուդանական օպերատորին։ Նույն տարվա հոկտեմբերին «Տարոն-Ավիան» նույն պայմաններով «Badr Airlines»-ին տվեց եւս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73772)։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Badr Airlines»-ը նախկինում մի որոշ ժամանակ «թաց վարձակալությամբ» շահագործել է նաեւ «Շիրակ Ավիայի» EK-SHA գրանցումով բորտը, որը նախկինում գրանցված էր «Տարոն-Ավիայի» ավիապարկում որպես EK-73797։ Եվս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73776), որը «Տարոն-Ավիան» շահագործում էր իր կարիքների համար, 2018-ի մայիսին նույնպես վարձակալությամբ հանձնվեց սուդանական գործընկերոջը։

Երբ 2019-ի աշնանը «Տարոն-Ավիան» դուրս եկավ հայկական շուկայից, նրա օդանավերը, որոնց սեփականատերը «Meridien»-ն է, գրանցվեցին Աֆրիկայում՝ Գամբիայի օդանավերի ռեգիստրում։ Այլ կերպ ասած՝ Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien»-ը ինքնաթիռները գրանցել տվեց Գամբիայի «Mid Africa Aviation» ավիաընկերության (ապրանքանիշը՝ «Fly Mid Africa») հաշվեկշռում։ Սակայն օդանավերը Գամբիայում չեն շահագործվել։ Դրանք, ինչպես «Տարոն-Ավիայի» օրոք էր, «թաց վարձակալությամբ» հանձնվել են «Badr Airlines»-ին՝ այս անգամ արդեն կրելով գամբիական գրանցում։

Այսպես՝ ներկայում սուդանական «Badr Airlines»-ը շահագործում է Պապիկյանին պատկանող «Boeing 737-500» տիպի հետեւյալ օդանավերը՝ C5-BDA (նախկին հայկական գրանցումը՝ EK-73776), C5-BDC (նախկինում՝ EK-73775), C5-BDD (նախկինում՝ EK-73772): Նշված 3 ինքնաթիռներից այս պահին կանգնած է միայն C5-BDD-ն (վերջին թռիչքը եղել է հունիսին), մյուս երկուսը թռչում են։

Փաստորեն, «Meridien»-ի «Boeing 737-800»-ը, որը որպես EK-SHB այս տարվա մարտ-օգոստոս ամիսներին գրանցված էր Հայաստանում «Շիրակ Ավիայի» կազմում, դարձավ հերթական օդանավը, որը վարձակալությամբ հանձնվեց սուդանական կողմին։ Բայց ի տարբերություն վերը նշվածների՝ այս մի ինքնաթիռը հենց Սուդանում է գրանցվել՝ ST-BDS։

Օդանավի թռիչքների գրաֆիկը ցույց է տալիս, որ այն շահագործում է Խարթում-Կահիրե-Խարթում երթուղին։

Այսպիսով՝ Գառնիկ Պապիկյանի 5 օդանավերից 4-ը (3 հատ «Boeing 737-500» եւ 1 հատ «Boeing 737-800») ներկայում շահագործում է սուդանական «Badr Airlines»-ը, իսկ 1-ը («Boeing 737-500»)՝ հայկական «Շիրակ Ավիան»։

  

Ըստ «Շիրակ Ավիայի» կայքում առկա չվացուցակի՝ ընկերությունը ներկայում իրականացնում է Երեւան-Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)-Երեւան չվերթեր, իսկ սեպտեմբերից կավելանա Երեւան-Նովոսիբիրսկ-Երեւան երթուղին։  

Լուսանկարները՝ «Badr Airlines»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter