HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնման մասին

Իսրայելի և Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների ամբողջական վերականգնման և երկու երկրների մայրաքաղաքներ դեսպանների վերադարձի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը։

«Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցից հետո, Իսրայելը և Թուրքիան ամբողջությամբ վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները»,- նշվում է հայտարարության մեջ։

Իսրայելական կողմը նշում է, որ ԱԳՆ գծով շփումների ընթացքում «որոշում է կայացվել բարձրացնել երկու երկրների միջև հարաբերությունների մինչև ամբողջական ծավալով դիվանագիտական հարաբերությունների և վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին»։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն անվանել է «տարածաշրջանային կայունության կարևոր գործոն և Իսրայելի քաղաքացիների համար շատ էական տնտեսական լուր»։ «Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի դիրքն աշխարհում»,- Լապիդի խոսքերը մեջբերել է նրա վարչակազմը։

2022 թվականին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն այցելել էր Թուրքիա, որի հիմնական նպատակն էր, ինչպես նշում էր հրեա պաշտոնյան, 2010 թվականի ճգնաժամից հետո երկկողմ հարաբերությունների վերագործարկումը։ Հիշեցնենք, իսրայելական հատուկ ջոկատայինները գրավել էին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որը փորձում էր ճեղքել և հասնել շրջափակված Գազայի հատված։ Դրանից հետո երկու երկրները իջեցրել էին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և հետ կանչել իրենց դեսպաններին։

Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման մասին հայտարարել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ Ընդ որում, Չավուշօղլուն չի նշել, թե ով կնշանակվի դեսպանի պաշտոնում։

Իցհակ Հերցոգի այցից հետո մայիսի 25-ին Չավուշօղլուն իր հերթին այցելել էր Իսրայել՝ դառնալով թուրք առաջին պաշտոնյան, որը վերջին 15 տարվա ընթացքում այցելել էր Հրեական պետություն։ Ինչպես այցից հետո հայտարարել էր Չավուշօղլուն, Թուրքիան և Իսրայելն առաջիկայում մտադիր էին վերականգնել նորմալ հարաբերություններ։

Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը/Haim Zach/GPO

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter