
Ինչ-որ ուժերի ձեռնտու էր, որ ընտրությունները չեզոք լուսաբանվեն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ ԱԺ ընտրություններից առաջ երևանյան մամուլի ակումնբներում քաղաքական և հասարակական գործիչների ասուլիսների և դրանց լուսաբանումների մոնիթորինգ է իրականացրել: Ուսումնասիրվել են առավել հայնտի 7 մամուլի ակումբներում տեղի ունեցած շուրջ 90 ասուլիս և դրանց 209 լուսաբանում 10 հեռուստաընկերություններում:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ ընդհանուր առմամբ բազմակարծությունն ապահովված էր, բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին ոչ խտրական պայմաններ:
ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով, այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ մի կենտրոնից, որտեղից լրատվամիջոցները հրահանգվում են, կարգադրություն է եղել այս անգամ բոլորին հավասարապես լուսաբանել:
Մոնիթորինգն իրականացվել է փետրվարի 15-ից մայիսի 4-ը ներառյալ «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Իրատես դե ֆակտո», «Պոստ սկրիպտում», «Ուրբաթ», «Փաստարկ» մամուլի ակումբների ասուլիսների և դրանց լուսաբանումների վերաբերյալ:
Առավել ակտիվը եղել են «Հ2»` 50 ասուլիս, 50 լուսաբանում, «Երկիր մեդիա»` 44 ասուլիս, 41 լուսաբանում, «Արմնյուզ»` 38 ասուլիս, 25 լուսաբանում, իսկ ամենաքիչը նախընտրական թեմաներով ասուլիսների են մասնակցել «ATV»` 21 ասուլիս, 20 լուսաբանում և «Շանթ»` 18 ասուլիս, 17 լուսաբանում, հեռուստաընկերությունները:
Ներկայացված արդյունքներն ուշագրավ են այնքանով, որ որոշ հեռուստաընկերություններ ասուլիսը նկարահանել են, սակայն հարկ չեն համարել այն լուսաբանել:
Ասուլիսներին առավել շատ մասնակցություն են ունեցել «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ»` 21, ՀԱԿ` 20, ՀՀԿ` 16 ներկայացուցիչները, հիմնականում այս կուսակցությունների առաջին դեմքերը: Իսկ ահա բանավեճային թեմաներով ասուլիսների հանդեպ հետաքրքրությունը քիչ է եղել: Փորձագետի կարծիքով, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մեզանում քաղաքական բանավեճի մշակույթը դեռ չի կայացել:
Մելիքյանի դիտարկմամբ՝ հեռուստաընկերությունները համեմատաբար անաչառ էին լուսաբանում ընտրությունները, սակայն ոչ ընտրական ժամանակներում հեռուստաեթերը հավասարապես չի բախշված, նկատելի է թաքնված գրաքննության ազդեցությունը և դրանում իրենց մեղքի բաժինն ունեն իշխանությունները:
Մեկնաբանել