HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին․ Ա. Քյարամյան

Կառավարության օգոստոսի 18-ի նիստի մեկնարկին գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հիշատակը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց Արտակարգ իրավիճակների նախարարին տեղեկություն հայտնել որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

«Ընդհանուր առմամբ, փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված։ Փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից առաջիկա 2 ժամերի ընթացքում։ Ներգրավված է եղել ընդհանուր 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ առաջին օրը։ Կիրառվել է 60 տեխնիկա, որից՝ 32 ավտոբակ, 6 ավտոսանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, 2 ԱԹՍ։ Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը։ Ունենք ենթադրություն, որ այդ 1 չճանաչված դին 2 անհետ կորածներից մեկն է։ Այս պահին աշխատանքներ են տարվում մյուս անհետ կորածին հայտնաբերելու համար։ Գիտենք՝ ում են փնտրում, որ հատվածում»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։

Ըստ նախարարի՝ այս պահին մաքրել են տարածքի 90 և ավելի տոկոսը և մոտեցել ենթադրվող բուն էպիկենտրոնային գոտուն։

«Ներկա պահին բարդություններ ունենք կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների, սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք, փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար։

Վերջին դին հանել է հրդեհի բռնկումից 42 ժամ հետո, 5 ժամ անց բռնկումի պահից հրդեհը համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ անց՝ մարում։

Այժմ կատարավում են միմիայն հովացման աշխատանքներ, մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս։ Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց, մեզ օգնության ձեռք են մեկնել «Կարմիր խաչի» 201 փրկարարներ և հոգեբաններ, 132 ՈՄԱ կամավորներ, 250 այլ կամավորներ»։

Փամբուխչյանի խոսքով՝ այս պահին աշխատանքները շարունակվում են 2 հատվածով. «Դեռ կատարում ենք մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք մոտենալ նկուղային հարկին, որտեղ որ կարող է գտնվել տվյալ քաղաքացին։

Հաշվի առնելով, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գտում, այսինքն՝ այնտեղ հարվածային ալիքը, հրդեհը, այս օրերի ընթացքում նաև գոլորշին, բավականին բարդ է լինելու քաղաքացու հայտնաբերումը»,- ասաց նախարարը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց՝ պայթյունից տուժածների բուժսպասարկումն ամբողջությամբ պետպատվերով է իրականացվել։

«Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել 62 քաղաքացի, 58-ը առողջացումով դուրս են գրվել, այս պահին 4 քաղաքացի է գտնվում բժշկական կենտրոններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ»,- ասաց նա։

Վարչապետն Արգիշտի Քյարամյանից հետաքրքվեց՝ արդյոք քննությունով այս պահին որևէ արդյունք կա, արդյոք դիտարկվել է ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության վարկածը։

«Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ Ձեր նշած վարկածները, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին»,- հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարը։

Փաշինյանն էլ նշեց՝ քանի դեռ քրեական գործով արդյունքներ չկան, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել․ «Բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ էդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն, ըստ էության, բացառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունենում պայթյուն, ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը որ ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»։

Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների մասին։

«Նման դեպքից հետո առաջին հարցը, որ ինձ մոտ ծագում է հետևյալն է՝ ի՞նչ չենք արել, կամ ի՞նչը այնպես չի արել Կառավարությունը, որպեսզի կարողանանք բացառել կամ կանխել նման զարգացումը։

Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թ․ օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր, և իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ զեկուցի ամբողջական, թե իմ տված հանձնարարականը 2020 թ․ օգոստոսի ինչպես է կատարվել։ Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում ՔՏՀԱ տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021-ի գարնանը, ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակում արձանագրել է խախտումներ։

Ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը։ Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանափակված չի եղել։

Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել, որ Հայաստանում նման իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ներկայացնել իր հանձնարարականով իրականացված ուսումնասիրության արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter