HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կստեղծվեն

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում անցակետեր կստեղծվեն։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ ԱԱԾ-ի հրապարակած նախագծի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կտեղադրվեն հետևյալ հատվածներում․

  • «Սոթք» («Քելբաջար»)
    Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան)
  • «Երասխ» («Սադարակ»)
    Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)
  • «Քարահունջ» («Էյվազլի»)
    Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս նախաձեռնությունը պայմանավորված է 2022թ․ օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն էլ շրջանառության մեջ է դրել նախագծեր, համաձայն որոնց՝ նշված անցակետերում կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներ և կստեղծվեն մաքսակետեր։

Օգոստոսի 4-ի նիստի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: Նիստի ընթացքում կառավարության ղեկավարը դիմել էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հանձնարարելով իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվել է տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Հիշեցնենք՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված է հետևյալը․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

Հավելենք, որ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի ներկայացրած նախագծերն օրինական ուժ կստանան միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter