HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների առաջխաղացումը «խափանվել» է. Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմել է դատարան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը բացասական դերակատարում է ունեցել դատավոր Նաիրա Ավետիսյանի կարիերայի վրա: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ եզրակացություն է կազմել: Դատավոր Ավետիսյանը համաձայն չէ եզրակացության մեջ տեղ գտած որոշ փաստերի շարադրումից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Դիմելով դատարան` պահանջում է այլ կերպ շարադրել եզրակացության մեջ տեղ գտած փաստերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությանը վերաբերող եզրակացություններն օրենքով հրապարակման ենթակա չեն, և հանրությունն այդպես էլ չի տեղեկացվում, թե այս կամ այն պաշտոնում նշանակվող անձն ինչպիսի արժանիքներ կամ թերություններ ունի և բարեվարքության «թեստն» ինչպես է հաղթահարել:

Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 4-ին որոշում է կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: ԲԴԽ-ի այդ որոշմամբ դատավոր Նաիրա Ավետիսյանը ևս հանվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:

Գրավոր դիմել էինք Հանրապետության նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե ինչ բնույթի առարկություններ են եղել դատավորների վերաբերյալ, որոնք ընդունվել են ԲԴԽ կողմից և դատավորները` որպես թեկնածուներ, հանվել են ցուցակներից:

Հանրապետության նախագահի աշխատակազմից «Հետք»-ին հայտնել են, որ կարևորում են հակակոռուպցիոն դատարանների կազմավորման ու դրանց անկախության և անաչառության հանրային վստահության ձևավորումը:

«Հանրապետության նախագահը ԲԴԽ-ին առաջարկել է ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և փորձագետների կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Հանրապետության նախագահին ներկայացնել դատավորների թեկնածուների նշանակման սահմանափակումները հավաստող փաստաթղթերի և անձնական գործերի ամբողջական փաթեթը»,- հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Դատավոր Նաիրա Ավետիսյանն արձակուրդում է, նրա հետ խոսել չհաջողվեց: Դատավորի գործավարը փոխանցեց, որ վարչական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած խեղաթյուրումներին: Ըստ գործավարի՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերում դատավորի նշած տվյալները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ խեղաթյուրել և ոչ ճիշտ է ներկայացրել:

Նշենք, որ դատավոր Նաիրա Ավետիսյանի ամուսինը՝ Յուրի Բադալյանը, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականն է: Մինչ այդ զբաղեցրել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի պաշտոնը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խնդրել էինք տրամադրել դատավորների բարեվարքության եզրակացությունների վերաբերյալ տեղեկություններ, սակայն հղում անելով օրենքին՝ մերժել են անվանական տեղեկություններ տրամադրել:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները»,- հայտնում են հանձնաժողովից:

Նշենք, որ 2021թ. ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում և առաջխաղացման ցուցակներում ընդգրկել 97 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրա արդյունքներով ներկայացրել 97 եզրակացություն: Դրանցից 89-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել ցանկացող անձանց, 8-ը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց։

89 եզրակացությունից 60-ը եղել է դրական, 22-ը՝ դրական վերապահումով, 7-ը՝ բացասական։ Իսկ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց վերաբերյալ ներկայացված 8 եզրակացությունից 5-ը եղել է դրական, 2-ը՝ դրական վերապահումով, մեկը՝ բացասական։

2021թ. ընթացքում ներկայացված 8 բացասական եզրակացությունների 6-ի պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ 2 թեկնածուի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և բարեվարքության հարցաթերթիկում վերջինիս ներկայացրած տվյալների անարժանահավատությունը։

2022թ. ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է ՍԴ դատավորի պաշտոնին հավակնող, դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում, առաջխաղացման ցուցակներում ընդգրկել է հավակնող 158 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրանց արդյունքներով ներկայացրել 157 եզրակացություն, իսկ մեկ անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշխվելու հետևանքով:

2022թ. ընթացքում ներկայացված 21 բացասական եզրակացությունից 5-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական եզրակացության համար 2 թեկնածուի պարագայում հիմք են հանդիսացել գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 2-ի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը: Մեկ եզրակացության դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և վերջինիս կողմից բարեվարքության հարցաթերթիկում` քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացված տվյալների անարժանահավատությունը։

Յոթ եզրակացություն վերաբերել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում ընդգրկվել հավակնող անձանց։

Բացասական 6 եզրակացության պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ մեկի դեպքում՝ թեկնածուի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։

Բացասական եզրակացություններից 5-ը վերաբերել է վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում (Հակակոռուպցիոն և Վարչական պալատ) ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական եզրակացության համար 2-ի պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները: Մեկի դեպքում՝ թեկածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և բարեվարքության հարցաթերթիկում վերջինիս ներկայացրած տվյալների անարժանահավատություն է հիմք հանդիսացել, մեկի դեպքում՝ թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկված լինելու և դրա վերաբերյալ բարեվարքության հարցաթերթիկում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հանգամանքը: Իսկ մեկի դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։

Եզրակացություններից 4-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական եզրակացության համար 2-ի պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 2-ի դեպքում՝ թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և վերջինիս կողմից բարեվարքության հարցաթերթիկում՝ քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացված տվյալների անարժանահավատությունը։

ՀՀ նախագահին հարցրել էինք նաև, թե 2021-2022թթ. քանի դատավորի թեկնածուի վերաբերյալ է ներկայացրել առարկություն: Ստացվել է պատասխան, որ բացի վերը նշվածը, նախագահի կողմից դատավորների թեկնածուների նշանակման վերաբերյալ որևէ այլ առարկություն չի ներկայացվել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` բարեվարքության ուսումնասիրության հիման վրա կազմած եզրակացությունները խորհրդատվական բնույթի են, այսինքն՝ պարտադիր չեն պատկան մարմինների համար: Հրապարակված տվյալները՝ դատավորի թեկնածուների բացասական եզրակացությունների վերաբերյալ, կասկածի տեղիք են տալիս, որ նրանցից ոմանք, այնուամենայնիվ, նշանակվել են, և նախագահի աշխատակազմից էլ հաստատել են, որ այլ դեպքերով առարկություններ չի ներկայացվել:

Պաշտոնյաններին վերաբերող բարեվարքության եզրակացությունները հանրությունից գաղտնի պահելն ինքնին կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում և կարող է պատկան մարմինների կողմից կիրառվել խտրական, կամայական ընտրությամբ:

Ստացվում է, որ Հանրապետության նախագահը կարևորում է հակակոռուպցիոն դատարանների կազմավորման ու դրանց անկախության և անաչառության հանրային վստահության ձևավորումը՝ անտեսելով ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վարչական, մասնագիտացված և վճռաբեկ դատարաններում նշանակվող թեկնածուների անձերը: Վերջին տարիներին առաջխաղացման ցուցակներով բարձր ատյաններում նշանակվել են դատավորներ, ովքեր ոչ միայն հանրության կողմից վստահություն չեն վայելում, այլև նրանց անօրինական դատական ակտերի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներ է կայացրել Հայաստանի դեմ: Պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվել դիմումատուների պահանջները բավարարելու համար, իսկ այդ դատավորներին «բարուրում» են առաջխաղացումներով:

Եթե բարեվարքությանը վերաբերող եզրակացությունները հասանելի լինեին, պարզ կլիներ, որ նրանց մի մասը բացասական եզրակացությունով է նշանակվել դատավորի պաշտոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter