HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հիշեցրին և պահանջեցին՝ Վահագն Դադրյանն իրեն արժանի գերեզման պետք է ունենա

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը թվիթերյան իր էջում այսօր գրառում է կատարել ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանոցի հետ կապված աղմուկի վերաբերյալ։ «Օբյեկտիվ պատճառներով (պատերազմ, COVID-19 համավարակ եւ այլն) պրոֆեսոր Դադրյանի տապանաքարի տեղադրման աշխատանքները Պանթեոնում հետաձգվել են, սակայն շուտով կվերսկսվեն»,- հայտնել է նա։

ԱԳՆ խոսնակի այս գրառումը Հայաստանի Զորյան ինստիտուտը տեղադրել է իր կայքէջում իբրև հավաստիացում, որ ստեղծված իրավիճակը շուտով կշտկվի։ Նշենք, որ պրոֆեսոր Վահագն Դադրյանը Կանադայի Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է եղել, այդ պատճառով գերեզմանի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ բոլոր հետաքրքրվածները դիմում են նրանց և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ին։

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, որը  Վահագն Դադրյանի մտերիմներից էր, օգոստոսի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինը պարզել է, որ Դադրյանի գերեզմանն անբարեկարգ վիճակում է գտնվում՝ պատված մոլախոտով, բացի այդ, ցուցանակ չի տեղադրվել։ Միայն գերեզմանատան տնօրինության հետ խորհրդակցելուց հետո են գտել գերեզմանը:

«Դադրյանն արժանի չէ դրան, անընդունելի և անսահման ամոթ է, որ ժամանակակից Հայոց ցեղասպանության հետազոտության հիմնադիրի գերեզմանն անբարեկարգ է և մոռացված: Ես չգիտեմ, թե ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության կամ նրա գերեզմանը կառուցելու համար: Ինչպիսին էլ որ լինեն պատճառները, վստահ եմ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ սա մեծ ամոթ է և անընդունելի։ Հուսով եմ, որ պատասխանատուներն անհապաղ միջոցներ կձեռնարկեն և Դադրյանին արժանի գերեզման կկառուցեն: Միմյանց մեղադրելու փոխարեն պետք է հավաքվենք և անենք այն, ինչ անհրաժեշտ է»,- գրել է Թաներ Աքչամը։

Հայաստանի մտավորական և գիտական շրջանակներից շատերն այս հրապարակումից տեղեկացան, որ Վահագն Դադրյանը 2019թ օգոստոսի 31-ին հուղարկավորվել է Երևանի քաղաքային պանթեոնում։ 2019թ օգոստոսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր հրապարակել Վ Դադրյանի հոգեհանգստի արարողության վերաբերյալ։ «Օգոստոսի 2-ին Միացյալ Նահանգներում 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ցեղասպանագետ, համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր, իրավագետ և սոցիոլոգ պրոֆեսոր Վահագն Դադրյանը: Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսորի անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ օգոստոսի 19-ի N 1145-Ա որոշումով Վահագն Դադրյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահ է նշանակվել այն ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հանձնաժողովի կազմում բացի պետական պաշտոնյաներից, ընդգրկվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն   Հարություն Մարությանը և «Զորյան» ինստիտուտի նախագահը:

Երկու ինստիտուտների ղեկավարներն էլ այս տհաճ իրավիճակին շատ հիմնավոր բացատրություն ունեն՝ Քովիդ համաճարակը, որն սկսվեց 2020թ մարտից, այնուհետև Արցախյան պատերազմը, որը մոռացության տվեց ամեն ինչ։ Մեզ մի հարց էր հետաքրքրում՝ անցնող երեք տարիներին, արդյոք, Վահագն Դադրյանին մտաբերելու առիթ չի՞ եղել այս ինստիտուտներում, որը կհիշեցներ նաև անտերության մատնված գերեզմանի մասին։ Հարցն ուղղեցինք և՛ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն  Հարություն Մարությանին, և՛ Հայաստանի Զորյան ինստիտուտի հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանին:

Հարություն Մարությանը հայտնեց, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի համեմատական ցեղասպանագիտության բաժինն անվանակոչել են Վահագն Դադրյանի անունով։ 

Մարի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ անվանի գիտնականի 95-ամյակի առիթով հեռուստահաղորդում են պատրաստել։ 

Թաներ Աքչամի մոտեցումը վրդովվեցրել է Հարություն Մարությանին, նրա կարծիքով ճիշտ կլիներ, եթե նա, նաև գերեզմանին այցի եկածներն այդ մասին իրենց տեղեկացնեին, ոչ թե հրապարակվեր սոցցանցում։ Նրա ասելով՝ շիրմաքար տեղադրելու հարցը պետք է գիտնականի հարազատները կարգավորեին, բայց նրանք ժամանակին հետամուտ չեն եղել և բաց են թողել օրենքով սահմանված ժամկետները։ 

Վահագն Դադրյանի հուղարկավորությանը մասնակցել է նրա հարազատներից միայն 90-ամյա քույրը, մյուսներն արդեն մահացել էին։ Բացի այդ, Թաներ Աքչամը գրում է գերեզմանը մոլախոտով պատված լինելու և ցուցանակ չլինելու մասին։ Ամերիկայում հրատարակվող «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» շաբաթաթերթը գրել է, որ Կալիֆոռնիայի նահանգի Արարատ-Էսքիջյան թանգարանը դարձել է Դադրյանի գրադարանի և արխիվի շտեմարանը։ Թանգարանի տնօրեն Մեգգի Մանգասարյան-Գոշինը թանգարանի համար ցանկացել է Դադրյանի գերեզմանի լուսանկարն ունենալ։ Մի քանի անգամ խնդրել էր ընկերներին գնալ այնտեղ և լուսանկարել, բայց ոչ ոք չի կարողացել գտնել գերեզմանը: Վերջապես, մի ​​քանի շաբաթ առաջ Երևան են այցելել նրա արխիվագետ ընկերը Փարիզից՝ Բաղդիկ Գույումջյանը և լուսանկարիչ Հրայր Բազեն։ 

«Գույումճյանը, երբ գնաց այնտեղ, ի զարմանս իրեն, տեսավ, որ գերեզմանին ոչ միայն շիրմաքար չի դրվել, այլեւ ծածկված է աղբով ու վայրի թփերով։ Նա վճարել է ինչ-որ մեկին գերեզմանը մաքրելու և ժամանակավորապես փոքր ցուցանակ դնելու համար»,- գրում է շաբաթաթերթը։ 

Այսքանը կարող էին ժամանակին կազմակերպել նաև Ցեղասպանության և Զորյան  ինստիտուտները։ Համոզված ենք, որ կամավորությամբ շատերը սիրով կմիանային այդ նախաձեռնությանը, իրենք էլ այսօր պատճառաբանություններ չէին փնտրի հանրության վրդովմունքը մեղմելու համար։

Լուսանկարները՝ Թաներ Աքչամի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter