HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի ներկայացուցիչը պնդում է, որ իրենց պահեստում պայթյունավտանգ նյութեր չեն եղել

«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն որևէ առնչություն չունի հրդեհի բռնկման և այրված հրավառութան նյութերի ու դրանց պահեստների հետ: Այս մասին այսօր «Հետքի» հետ զրույցում հայտարարեց ԱՁ-ի լիազոր ներկայացուցիչ Աբրահամ Միքայելյանը: Վերջինս նշեց, որ Գոհար Առաքելյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` բուժման նպատակով, և ինքը լիազորված է ԱՁ-ի անունից պարզաբանումներ տալ մեր հոդվածում առկա ԱՁ-ի վարձակալած տարածքի և գործունեության վերաբերյալ:

Մասնավորապես, Աբրահամ Միքայելյանի պնդմամբ, «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն ներմուծել է տորթերի վրա տեղադրելու փոքր մոմե «սալյուտներ», և հրդեհի դրությամբ իրենց պահեստում պետք է լիներ դրանցից ընդամենը 5-10 արկղ:

«Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, թե վերջին անգամ երբ է ներմուծվել, որքան վաճառք է եղել, որքան մնացորդ: Բոլոր ներմուծված ապրանքները եղել են հայտարարագրված: Գոհար Առաքելյանի պահեստում եղել է ամեն ինչ մաքսայինով հայտարարագրված և օրինական»,- վստահեցրեց ներկայացուցիչը:

Աբրահամ Միքայելյանը հավաստիացրեց, որ իրենց պահեստը գտնվել է շենքի 5-րդ հարկում, որի պատերը կանգուն են մինչ օրս, մինչդեռ իր տվյալներով պայթյունը տեղի է ունեցել միջին` երկրորդ կամ երրորդ հարկում:

«Գոհար Առաքելյանն ունի հրավառելիք նյութերի լիցենզիա, որի անվան տակ ներմուծել է մոմի տեսքով սալյուտներ: Մոմը բռնկվող նյութ է, բայց պայթուցիկ չէ, կարող է ընդամենը վառվել»,- ասում է Աբրահամ Միքայելյանը:

Աբրահամ Միքայելյանը նշեց, որ 116 քմ տարածքը, որը Կադաստրի փաստաթղթում է նշված, միայն իրենց խանութի տարածքն է, որը պայթյունի տարածքից հեռու է, և Կադաստրի կոմիտեում եղած տվյալը հին է: 2021 թվականին ԱՁ-ն «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի հետ նոր պայամանգիր է կնքել, որտեղ բացի 116 քմ խանութի տարածքից, նշված է նաև 600-800 մետր պահեստի տարածքի մասին, որը և գտնվել է փլուզված շենքի 5-րդ հարկում: Սակայն մեր հարցին, թե ինչու այդ պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել և չի գրանցվել Կադաստրի կոմիտեում, ԱՁ-ի ներկայացուցիչն ասաց, որ դա «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի հետ կնքած ներքին պայմանագիր է:

Ներկայացուցչի խոսքով, իրենք պայթյունի և հրդեհի հետևանքով ամեն ինչ կորցրել են, մնացել է միայն խանութը` ցուցափեղկերի ապրանքով, և այլևս չեն պատկերացնում իրենց հետագա գործունեությունը: Իսկ ԱՁ-ն ընդհանուր 250 մլն դրամի վնաս է կրել` այրվել են ողջ գույքը, խաղալիքներ, գրենական պիտույքներ, որի վաճառքով հիմնականում զբաղվում են:

«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի ներկայացուցիչը պատմեց, որ 1,5 տարի առաջ, երբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում կրկին հրդեհ էր բռնկվել, վառվել էր նաև Գոհար Առաքելյանի խանութը, և երկու հրդեհի դեպքերին էլ իրենք որևէ առնչություն չեն ունեցել, այլ եղել են տուժող` նախորդ անգամ ևս կորցրել են ողջ գույքը: «Դեռ անցած հրդեհի վերքերը չէին բուժվել, նոր վերքեր եղան»,- բնութագրում է ներկայացուցիչը:

Վերջինս կարծում է, որ երկու հրդեհները պետական համակարգի և «Սուրմալու» առևտրի կենտրոնի ղեկավարության անփութության հետևանքով է եղել:

Առաջին հրդեհի ժամանակ փորձաքննությամբ հաստատվել էր, որ հրդեհը բռնկվել է «հոսանքի շիթի պատճառով», որը «Սուրմալու» առևտրի կենտրոնինն է: Այն ամրացված է եղել նույն պատի մի հատվածում, որը նաև Գոհար Առաքելյանի խանութի պատն էր: Հրդեհը բռնկվել էր Առաքելյանի տաղավարից 8 տաղավար ներքև: Եթե ժամանակին տեղեկացնեին իրենց հրդեհի բռնկման մասին, ապա հնարավոր կլիներ փրկել գույքը:

«Ինչու կարգավորված չեն հոսանքները, և բոլոր խանութներում կարկատած է հոսանքալարերը: Անցյալ տարվա հրդեհից հետո ոչ մի բան չէր փոխվել, բոլոր տաղավարները պոտենցիալ հրդեհի օջախներ են: Պետությունը ոչ մի կերպ չի նպաստել, որ ստիպեր առևտրի կենտրոնին` գոնե տարրական նորմեր ապահովեր, որ նման բան կրկին տեղի չունենար»,- նշեց ԱՁ-ի ներկայացուցիչը:

Նախորդ հրդեհից հետո ԱՁ-ին, որպես մասնակի փոխհատուցում, «Սուրմալու» առևտրի կենտրոնի ղեկավարությունը 6 ամսվա տարածքի վարձակալության գումարն է զիջել, որից 4,5 ամիսը ԱՁ-ն նորոգել է տաղավարը` իր միջոցներով:

Մեր դիտարկմանը, թե ինչու է այդ պայմաններում շարունակել ԱՁ-ն իր գործունեությունը ծավալել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և չի տեղափոխվել մեկ այլ` առավել բարվոք վայր, ներկայացուցիչն ասաց, որ այնտեղ մշտական հաճախորդներ ունեին, և եթե տեղափոխվեին մեկ այլ վայր, 99 տոկոս շրջանառության անկում կունենային, այլ վայրում պետք է սկսեին զրո շրջանառությունից և պահեստային մեծ մնացորդից: Այդ պատճառով ստիպված մնացել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում և շարունակել աշխատել` հույս ունենալով, որ առաջին հրդեհն ազդակ կլինի, հակահրդեհային միջոցառումներ կձեռնարկվեն, կրակմարիչներ կկախվեն և այլ բարելավումներ կարվեն:

«Ես հիմա սպասում եմ, որ եթե հիմնարկին թողնեն, որ գործունեությունը շարունակի, ամեն վայրկյան նույնատիպ հրդեհ կարող է բռնկվել: Շինության գլուխը բետոնածածկ չէ, միայն պլաստմասե առաստաղներ են: Շենքը գոնե պիտի ունենա չորս պատ և բետոնե ծածկ: Չկան հոսանքի հենասյուներ, բոլոր տանիքներով եռաֆազ հաղորդալարեր են անցնում, անկանոն: Ոչ մի պայման չկա հրշեջների համար, տարածքում ջուր չկա, որ կրակը հանգցնեն»,- շարունակում է թվարկել պայմանները ԱՁ-ի ներկայացուցիչը:

Աբրահամ Միքայելյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի քրեական գործով հարցաքննվել է որպես տուժող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter