
Անկենսունակ կորիզ ձեւավորվելու հետեւանքով ծիրանի պտուղը թափվում է
Գյուղացին այս տարի ուրախացել էր սպասվող առատ բերքից, հատկապես ծիրանից, սակայն, ուրախությունը կարճ տեւեց: Այս օրերին Արմավիրի եւ Արարատի մարզերում առատ պտղաթափ է նկատվում: Գյուղացիները գրեթե բոլոր թույլատրելի թունաքիմիկատներով փորձել են միջամտել, որպեսզի փրկեն բերքը, սակայն` անօգուտ:
Մեծ վնասներ են կրում հատկապես խոշոր այգետերերը, քանի որ նրանք, տեսնելով առատ բերքը, զգալի ծախսեր են կատարել. վաղ գարնանը ծառերը պարարտացրել են, տրակտորով փխրեցրել, բուժումներ կատարել եւ այլն:
Գյուղնախարարությունից տեղեկացրին, որ խնդրին ծանոթ են, եւ մարզպետարանների համապատասխան վարչության աշխատակիցներին արդեն հանձնարարված է ուսումնասիրություններ կատարել, թեեւ իրենք արդեն գիտեն, թե ինչի հետեւանք է:
Գյուղնախարարութան բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ծիրանի բերքի թափվելը, ըստ նախնական տեղեկությունների, ցրտահարության հետեւանք է: Ձմռանը բողբոջները ոչ ամբողջությամբ ցրտահարվել են, իսկ փոշոտումից հետո պտուղ է ձեւավորվել, սակայն կենսունակ կորիզ չունենալու արդյունքում պտուղն այժմ թափվում է:
«Ամեն տարի պտղաթափում լինում է կորիզավորների մոտ, մանավանդ` ծիրանի պտղի, սակայն այս տարի ավելի շատ է թափվում: Բայց այնպես չէ, որ ծիրանն ամբողջությամբ թափվում է: Պտղի թափվելու հաշվին մնացած պտուղներն ավելի մեծ ու ավելի ապրանքային կլինեն»,- ավելացրեց Գեւորգ Հարությունյանը:
Վարչության պետի ասելով` նախարարությունը դեռ ուսումնասիրություն չի կատարել, թե բերքի քանի տոկոսն է թափվում, եւ ինչ վնասներ են կրում գյուղացիները:
Մեկնաբանել