
Վճռաբեկ դատարանի դատավորը հայցադիմում է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ. հանրապետության նախագահը ևս ներգրավվել է գործում
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ: Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 1-ին որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար: Սակայն, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել ԲԴԽ՝ հայտնելով առարկություն Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: ԲԴԽ-ն ընդունել է հանրապետության նախագահի առարկությունը, ինչը նշանակում է, որ պալատի նախագահի պաշտոնում նշանակելու Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը հանվում է:
Ռուզաննա Հակոբյանը վիճարկում է ԲԴԽ-ի այդ որոշումը, որով ընդունելի է համարվել նախագահի առարկությունները:
Նշենք, որ «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ: Վճռաբեկ դատարանում փոփոխության են ենթարկվել պալատների կազմերը, ավելացել է հակակոռուպցիոն պալատ, քաղաքացիական և վարչական պալատներն այսուհետ գործելու են առանձին՝ ի տարբերություն մինչև օրենքի փոփոխությունը, երբ մեկ պալատի ներքո էին:
Ռուզաննա Հակոբյանը 2015թ. փետրվարի 5-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, իսկ 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել էր նույն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Օրենքի փոփոխությունից հետո, երբ քաղաքացիական և վարչական պալատները պետք է գործեն իրարից առանձին, ԲԴԽ-ն վարչական պալատի նախագահի պաշտոնում առաջարկել էր Ռ. Հակոբյանի թեկնածությունը, ինչին էլ առարկություն ներկայացրեց նախագահը և ԲԴԽ-ն նահանջեց:
Նշենք, որ վարչական դատարանում գործը մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին: Վերջինիս նախաձեռնությամբ Հանրապետության նախագահը գործում ներգրավվել է, որպես երրորդ անձ:
Գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 7-ին:
Մեկնաբանել