HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ։ Այդ մասին գրառում է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռիքերը կզբաղեցնի նաև Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Տվյալ պարագայում խոսքը ԵԱՀԿ, ԵՄ և ՄԱԿ-ի հովանու ներքո 2008 թվականի հոկտեմբերից կազմակերպվող հանդիպումների մասին է, որին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև մասամբ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները՝ քննարկելու առկա ճգնաժամը։

«Ես դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել եմ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական և Մինսկի խմբի համանախագահ։ Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- ասված է Բլինքենի գրառման մեջ։

I have appointed Ambassador Philip Reeker as Senior Advisor for Caucasus Negotiations and Minsk Group Co-Chair. Ambassador Reeker’s appointment reaffirms our commitment to peaceful resolution of conflicts in the South Caucasus.

— Secretary Antony Blinken (@SecBlinken) August 25, 2022

ԱՄՆ Պետքարտուղարության տարածած մամլո հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ֆիլիպ Ռիքերը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը և կլինի գլխավոր բանակցողը Ժնևի միջազգային քննարկումների ժամանակ։

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը հավատարիմ է իր հանձնառությանը՝ «օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։ 

Ֆիլիպ Ռիքերն ունի դիվանագիտական ծառայության երկարատև փորձ։ Նրա դիվանագիտական վերջին աշխատանքը եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես Սենթ Ջեյմսի դատարանում գործերի ժամանակավոր հավատարմատար։ 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը Ռիքերը եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։ Աշխատել է նաև Միլանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում, եղել Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ։ 2008-2011 թվականներին էլ զբաղեցրել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Մինչ այս ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էնդրյու Շոֆերը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսին։

Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) հարաբերությունները բավականին լարված են։ Համանախագահներն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո չեն հանդիպել։ Ռուսաստանը մյուս երկրներին մեղադրում է այս ձևաչափով Մոսկվայի հետ հարաբերությունների խզման մեջ և նշում, որ այն, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Այս մոտեցումը բխում է Ադրբեջանի շահերից, որը 44-օրյա պատերազմի ավարտից հետո հայտարարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է և Մինսկի խմբի կարիք այլևս չկա։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարում են, որ ԵԱՀԿ այս ձևաչափը շարունակում է գործել։ Այդուհանդերձ, ուկրաինական ճգնաժամից հետո համանախագահներն առանձին-առանձին են ժամանում տարածաշրջան, միասնական այց այդպես էլ չի կայացել։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter