
Երևանի բնակիչները դժգոհում են հանրային տրանսպորտի աշխատանքից․ քաղաքապետարանը պարզաբանում է
Հասմիկ Բլբուլյանը ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, աշխատանքի է գնում Նոր Նորք վարչական շրջանում։
Արդեն 2 ամիս է՝ երեկոյան ժամերին դժվարությամբ է աշխատանքից տուն հասնում՝ հասարակական տրանսպորտի բացակայության կամ ոչ պարբերական աշխատանքի պատճառով։ «Երեկոյան ժամերին՝ հատկապես ժամը 20։00-ից հետո, պետք է 20-30 րոպե սպասել, իսկ 21։00-ից հետո տրանսպորտ չի լինում»,- ասում է Հասմիկը։ Իրավիճակն ավելի է սրվում հանգստյան օրերին, երբ 19։00-ից հետո ժամերով պետք է սպասել կանգառներում վարչական մի շրջանից մյուսը գնալու համար։
Հասմիկն ասում է, որ, օրինակ, նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Նոր Նորքի 2-րդ զանգվածի կանգառներից մեկում սպասել է 30 րոպեից ավելի, թեև դեպի Կոմիտասի պողոտա մի շարք երթուղիներ են աշխատում, որոնցից մի մասը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսներն են։ Նույն իրավիճակն է նաև լինում Կենտրոն վարչական շրջանից Կոմիտաս-Զեյթուն վարչական շրջան բարձրանալիս, երբեմն միակ լուծումը մնում են տաքսիները, որոնք վերջին շրջանում աշխատում են բարձր սակագներով։
Հասմիկը միակը չէ, որ դժգոհում է հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում՝ տարբեր գրառումների մեկնաբանություններում, հաճախ կարելի է տեսնել մարդկանց դժգոհությունները։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է, որ շատ կցանկանար՝ քաղաքապետը մի օր օգտվեր հասարակական տրանսպորտից և հասկանար, որ երեկոյան ժամերին հնարավոր չի լինում տուն հասնել։
Մեկնաբանություններն ավելի հաճախ վերաբերում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ- ի ավտոբուսներին, մասնավոր գծերի վերաբերյալ ավելի քիչ են հանդիպում դժգոհությունները։
Մեկնաբանություններում իր դժգոհությունն է արտահայտել նաև Երևանի բնակիչ Կարեն Կարենյանը։
«Հետքի» հետ զրուցում Կարենն ասում է, որ Երևանում հասարակական տրանսպորտն աշխատում է չհամակարգված ու անկանոն։ Առավոտյան ավտոբուսները լիքն են մարդկանցով, իսկ երեկոյան՝ տուն հասնելիս, գրեթե մեքենա չի լինում։ Կարենն ամեն օր Նոր Նորքի 9-րդ և 6-րդ զանգվածներից գնում է դեպի Կոմիտաս ու Կենտրոն վարչական շրջաններ։ Նրա խոսքով՝ ժամը 21։00-ից հետո Կոմիտասից Նոր Նորք գնալու համար եղել է դեպք, որ գրեթե 1 ժամ սպասել է կանգառում, ավտոբուս չի եկել, ստիպված նստել է տաքսի, որ տուն հասնի։
Երևանի քաղաքապետարանի պատասխանը
«Հետքը» հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով նշել, թե ինչո՞վ է պայմանավորված երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի բացակայությունը։ Ինչպես նաև խնդրել ենք տրամադրել տեղեկատվություն հասարակական տրանսպորտի աշխատանքի գրաֆիկի վերաբերյալ։
Հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքները սկսվում է առավոտյան՝ ժամը 7:00-ից և ավարտվում է ժամը 23:00-ի սահմաններում: Իսկ երեկոյան ժամերին տրանսպորտի սակավության վերաբերյալ նշում է, որ «սահմանված կարգով 15 տարին լրացած միկրոավտոբուսների շահագործումը դադարեցնելու պատճառով առանձին միկրոավտոբուսային երթուղիները սպասարկվում են սահմանվածից ցածր քանակի տրանսպորտային միջոցներով: Արդյունքում, նշված ժամերին մեծանում են շարժման միջակայքերը և որոշակի անհարմարություններ են առաջացնում ուղևորների համար»: Քաղաքապետարանը տեղեկացրել է նաև տրանսպորտի բարելավման աշխատանքի մասին՝ հայտնելով, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներկրել ևս 150 hատ միջին դասի և 87 հատ մեծ դասի (12մ երկարությամբ) ավտոբուսներ, ինչպես նաև 30 հատ տրոլեյբուս:
Քաղաքապետարանը նշում է, որ այս ամենի արդյունքում կկարգավորվեն երթուղիներն ու շարժման գրաֆիկները, կբարելավվի ուղևորների սպասարկման վիճակը երեկոյան ուշ ժամերին։
Մեր այն հարցին, թե երբ կներդվեն էլեկտրոնային ժամատախտակներ՝ ավտոբուսների ժամանումը կարգավորելու և ուղևորներին ինֆորմացիա տալու համար, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ հասարարական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով նոր էլեկտրոնային համակարգի կիրառումը նախատեսվում է նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, 2022-ի օգոստոսի 8-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով տրասնպորտին, նշել է, որ 70 տոկոսով տրանսպորտի խնդիրը կկարգավորվի 2023թ․-ի վերջին։ Նշել է նաև, որ նախորդ տարի քաղաքապետարանը ձեռք է բերել 211 նոր ավտոբուս, իսկ մինչև տարեվերջ կներկրվի ևս 150 ավտոբուս։
Մեկնաբանել