HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Շաքարային դիաբետի դպրոցի հիմնումը՝ գնումների մրցույթին մասնակցելու պարտադիր պայման. ո՞րն է ԱՆ հիմնավորումը

Շաքարային դիաբետի դեղերի գնման գործընթացի ժամանակ մատակարարների համար սահմանվել են այնպիսի պարտադիր պահանջներ, որոնք կարող են սահմանափակել մրցակցությունն ու խտրականություն մտցնել, և պարզ չէ՝ ինչ անմիջական կապ ունեն դեղերի գնման հետ։ Դրանցից են, օրինակ, շաքարային դիաբետի դպրոցների հիմնումը, 150 ներզատաբանի համար գիտական կոնֆերանսի կազմակերպումը, արտասահմանում նրանց վերապատրաստումը և այլն։

«Հետք»-ը դիմել էր Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն՝ պարզելու՝ ինչու են այդ պայմանները պարտադիր շաքարային դիաբետի դեղերի գնման մրցույթին մասնակցելու համար և շաքարային դիաբետի քա՞նի դպրոց է մինչ օրս կառուցվել։


Շաքարային դիաբետի գնման գործընթացի ժամանակ չափաբաժնի կատարման պարտադիր ցանկում ներառված են այնպիսի պահանջներ, որոնք բոլոր մատակարարները չէ, որ կարող են ապահովել, ինչը կարող է սահմանափակել մրցակցությունն ու պատճառ դառնալ, որ մրցույթից դուրս գան առավել մատչելի գնով շաքարային դիաբետի դեղեր առաջարկող մատակարարները։

Պարտադիր պայմանների ցանկը, մասնավորապես, ներառում է հետևյալ պահանջները՝ 

  • Գիտակրթական ծրագրերի իրականացնում Երևանում և ՀՀ մարզերոմ՝ ներգրավելով ներզատաբաններ՝ 150 մասնակից, ընտանեկան բժիշկներ՝ 1000 մասնակից, բուժքույրեր` 280 մասնակից։ 
  • Տարեկան առնվազն ﬔկ անգամ գիտական կոնֆերանսի կազմակերպում՝ նախատեսված ներզատաբանների (150 մասնակից), ընտանեկան բժիշկների և թերապևտների (600-1800 մասնակից) համար։ 
  • Ներզատաբանների վերապատրաստում արտերկրոմ՝ տարեկան առնվազն 3-4 մասնագետ։ 
  • Հանրամատչելի ուսուցողական տպագրված և էլեկտրոնային նյութերի պատրաստում (բժիշկներ՝ 5000 մասնակից, բուժքույրեր 5000 մասնակիցհիվանդներ՝ 100 000 մասնակից)։ 
  • Նախադիաբետիﬔտաբոլիկ համախտանիշի, սրտանոթային ռիսկերի, ճարպակալման վաղ հայտնաբերմանը միտված անվճար սկրինինգային ծրագրերի ապահովում։
  • Շաքարային դիաբետի դպրոցների հիﬓում Երևանոմ և ՀՀ մարզերում։
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվությունների ներկայացում։

Ինչպե՞ս են հիմնավորվում այս պահանջներն ու ինչու են վերը թվարկվածները դարձել մատակարարի համար նախապայման գնումների մրցույթին մասնակցելու համար։

Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունից «Հետք»-ին հայտնել էին, որ մրցույթով հայտարարված դեղերի տեխնիկական բնութագրի նկարագիրը, այդ թվում նաև՝ վերը նշված կետերի պահանջները «Գնումների մասին» ՀՀ օրենքին չեն հակասում և «բխում են պացիենտների կարիքներից»։

Միևնույն ժամանակ ԱՆ-ից հայտնել էին, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ մատակարարը, մինչև հրավերում փոփոխությունների կատարման համար սահմանված վերջնաժամկետի լրանալն իրավունք ունի էլեկտրոնային փոստով գնահատող հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հիմնավորումներ, եթե կարծում է, որ կա որևէ խտրականություն։

«Ներկայացված հիմնավորումներն ընդունելի համարվելու դեպքում գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում դրանցով պայմանավորված փոփոխություններ է կատարում հրավերում»:

Նշված կետերից առավել ուշագրավն այն է, որ մատակարարից պահանջվում է շաքարային դիաբետի դպրոցների հիﬓում Երևանում և մարզերում։ Սա հակասում է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետին, ըստ որի՝ չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք «խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին»։

Բացի այդ, նույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3 ենթակետերը սահմանում են, որ գնման առարկայի բնութագրերը`

1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար.

2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը.

3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը։

ԱՆ-ը խնդրել էինք հայտնել՝ երբվանից է այդ պահանջը դարձել պարտադիր ու քա՞նի դպրոց է հիﬓվել ﬕնչ օրս։

Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունից պատասխանել էին, որ Հայաստանում կա դիաբետի ուսուցման նպատակով բացված 4 դպրոց (3-ը՝ Երևանում, 1-ը՝ Գյումրիում), որոնք վերանորոգվել են, ապահովվել են տեխնիկայով և համապատասխան կրթական նյութերով 2015թ.-ին։

Դրանք են՝ 

  1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը (ք. Երևան, Մուրացանի փ. 114 շենք)
  2. «Արաբկիր» ԲԿ - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ն, (ք. Երևան, Մամիկոնյանց 30)
  3. «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ն, ք. Երևան, Մամիկոնյանց 29
  4. «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն, ք. Գյումրի, Կալինինի փ. 2։

Այս դպրոցները, սակայն, վերանորոգվել են Կառավարության՝ 2015 թվականի հուլիսի 16-ի N 792-Ն որոշմամբ մեկնարկած «Վերահսկի’ր դիաբետը, ապրի’ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակներում, որը եղել է 5-ամյա՝ 2015-2019թթ. համար (ԱՆ խոսնակի հավաստմամբ՝ այդ ծրագիրը երկարացվել է ևս 5 տարով, և լինելու է մինչև 2023թ. դեկտեմբեր

Հենց այդ ծրագրի շրջանակներում է նախատեսված եղել շաքարային դիաբետի 4 դպրոցի գործարկում Երևանում և մարզերում, ինչը և արվել է։

Ծրագիրը մեկնարկել է Առողջապահության նախարարության, «Էլայ Լիլլի» ամերիկյան ընկերության և «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի միջև ստորագրված եռակողմ հուշագրով և նախատեսված է եղել 1-ին տիպի դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների համար (0-29 տարեկան)։

1-ին տիպի շաքարային դիաբետն աուտոիմունային հիվանդություն է, որն ուղեկցվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ: 1-ին տիպի դիաբետի կլինիկական ախտանիշներն ավելի վաղ են արտահայտվում, քան 2-րդինը։ Դրանցից են, օրինակ՝

  • քաշի նվազում
  • ցավ որովայնում
  • կետոացիդոտիկ կոմա

Նախարարությունից հայտնում են, որ «ծրագրի շրջանակներում մինչ օրս ավելի քան 1500 շահառուներն անվճար, շարունակական մասնակցում են դիաբետի կրթությունն ապահովող դասընթացներին»։

«Յուրաքանչյուրն ունի հանրամատչելի գրքույկ-ձեռնարկներ դիաբետի մասին, ամենօրյա վերահսկման օրագրեր, «Հումիի համակարգչային կրթական խաղ», որի միջոցով ավտոմատացվում է վերահսկումը»։

Ստացվում է, որ այժմ գնման գործընթացին մասնակցելու համար պարտադիր պայման դարձած շաքարային դիաբետի դպրոցի բացումը ԱՆ-ն բավարար չի հիմնավորում, քանի որ 2015թ.-ից ի վեր նման դպրոց չի կառուցվել, իսկ վերը նշված 4 դպրոցը կառուցվել է Կառավարության որոշման շրջանակներում, այլ ոչ թե գնման մրցույթից հետո որևէ մատակարարի կողմից։

Հիմա դպրոցի կառուցումը դարձել է շաքարային դիաբետի դեղերի գնման մրցույթին մասնակցելու պարտադիր պայման միայն այն հիմնավորմամբ, որ «չի հակասում» «Գնումների մասին» օրենքին, թեև, սահմանում է գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք «խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter