HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դավթյանը կամ տեղակալները կարո՞ղ են քրեական հետապնդում հարուցել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Խորհրդի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ջհանգիրյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից: Խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվար ամսին՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն  արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ, իսկ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահն էր:

Վարդազարյանը ձայնագրության մեջ խոսում է այն մասին, որ իր վերաբերյալ հարուցված գործեր կան, որ մեկ օր առաջ է խոսել գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանն էլ փորձում է վստահեցնել, որ ընդամենը մեկ գործ է հարուցված: 

«Հաշվի՝ չկա, էն առաջինն էլ չկա»,- ասում է Ջհանգիրյանը, որից հետո Ռուբեն  Վարդազարյանը տարակուսանքով հարցնում է՝ այսինքն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ գլխավոր դատախա՞զ է կառավարում:

«Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել  դու էդ ի՞նչ կարծիքի ես իմ մասին»,- պատասխանում է Ջհանգիրյանը:  Վերջինս նաև վստահեցնում է, որ թույլ չի տվել Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ գործերը հարուցվեն:

«Էդ բոլորը կանգնեցված ա, և ես գարանտ եմ: Ես, տես, սաղ փակել եմ, էս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագնի գործից վերջացրած մյուսներով»,- կրկին վստահեցնում է Գագիկ Ջհանգիրյանը:

Ձայնագրության հրապարակումից հետո Քննչական կոմիտեում  քրեական վարույթն է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։

Սակայն առաջիկայում, քանի դեռ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն է, դժվար էլ  Ջհանգիրյանը մեղադրյալի կարգավիճակ ստանա, եթե անգամ այդպիսի անհրաժեշտություն  լինի:

Խնդիրն այն է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորի,  ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Այսինքն՝ եթե Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտություն առաջանա, ապա դա պետք է անի Արթուր Դավթյանը կամ հանձնարարի իր տեղակալներից մեկին, մինչդեռ ձայնագրության մեջ, ինչպես տեսնում ենք, շոշափվում է նաև Դավթյանի անունը:

Վերը նշված խնդրի առնչությամբ հարցում ենք ուղարկել Գլխավոր դատախազին՝ խնդրելով հայտնել՝ համարո՞ւմ է արդյոք, որ ինքը կամ իր հանձնարարությամբ՝ տեղակալները չեն կարող անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում հարուցել  Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձայնագրության մեջ շոշափվում է Դավթյանի անունը:

Ի պատասխան` Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում կատարվում են վարույթային գործողություններ, իսկ դատավարական ակտերն ընդունվում են համապատախան հիմքերի առկայության դեպքում, ուստի ապագայում այս կամ այն հանգամանքի կատարման կամ չկատարման, դատավարական ակտի ընդունման կամ չընդունման հավանականությունը հնարավոր չէ կանխատեսել:

Նշենք, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին, որից հետո Գլխավոր դատախազի պաշտոնը կստանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը: Թե այս դատախազի պաշտոնավարման ժամանակ ինչ ընթացք կստանա ձայնագրության առթիվ քննվող գործը, դեռևս հայտնի չէ:

Ռուբեն Վարդազարյանի կողմից  ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածեl, որ հացի սեղանի շուրջ խոսակցությունները չի մեկնաբանում:

Բայց, ինչպես հետագայում պարզվեց, հացի սեղանի շուրջ խոսակցությունները չմեկնաբանող Գագիկ Ջհանգիրյանը այդ նույն հացի սեղանի շուրջ, իր խոսքով ասած, «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, ով իր երբեմնի ուսանողն է: 

Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ձայնագրության բովանդակությունը, Ջհանգիրյանը հայտարարեց, որ քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությունը հոգեբանական հնարք է եղել:

«Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»,- ասաց Ջհանգիրյանը, ով այս իրադարձություններից օրեր անց հայտնվեց հիվանդանոցում, ապա առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից: 

Սակայն հանգամանքը, որ վերջինս այժմ ԲԴԽ անդամ չէ, նրան չի զրկում  քրեական հետապնդման ենթարկվելու դեպքում ունեցած անձեռնմխելիության՝ մասնավորապես՝ գլխավոր դատախազի կամ տեղակալների կողմից քրեական հետապնդման ենթարկվելու երաշխիքից: 

Նշենք, որ ԲԴԽ անդամի անձեռնմխելիության երաշխիքները «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ հավասարեցված են դատավորի երաշխիքներին: Վճռաբեկ դատարանը  2011 թվականին պաշտոնաթող դատավոր Անահիտ Սաղաթելյանի գործով, անդրադառնալով դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքներին և դրանց սահմաններին՝  քննության առարկա է դարձել հարցը, թե արդյոք պաշտոնաթող դատավոր Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ դատավորի կարգավիճակ ունեցած ժամանակ ենթադրաբար թույլ տրված իրավախախտման համար քրեական հետապնդում սկսելիս պե՞տք է ապահովել դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքները:

Դատարանը, մասնավորապես, նշել է, որ   դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե դատավորի համար չապահովվի լիազորությունները դադարեցնելուց և դատավորի կարգավիճակը կորցնելուց հետո անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիքներ: Վճռաբեկը գտել է, որ անձեռնմխելիության երաշխիքների համատեսքստում «դատավոր» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ անձեռնմխելիության երաշխիքի ու պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի գործադրման համար անհրաժեշտ լինի, որ քրեական հետապնդման հարուցման պահին կամ հարուցված քրեական հետապնդման ողջ ընթացքում անձը լինի գործող դատավոր: 

Այս դիրքորոշման լույսի ներքո «Բարձրագույն դատական խորհրդի անդամ»  եզրույթը, ում անձեռնմխելության երաշխիքները հավասարեցված են դատավորի երաշխիքներին, նույնպես չի կարող մեկնաբանվել  այնպես, որ  անձեռնմխելիության երաշխիքի ու պատասխանատվության ենթարկելու հատուկ ընթացակարգի գործադրման համար անհրաժեշտ լինի, որ քրեական հետապնդման հարուցման պահին կամ հարուցված քրեական հետապնդման ողջ ընթացքում անձը լինի ԲԴԽ գործող անդամ: 

Նշենք, որ  Ջհանգիրյան-Վարդազարյան խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի ապրիլ ամսին Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Վարդազարյանն, ըստ մեղադրանքի, փորձել է Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի վերաբերյալ քրեական գործով խոչընդոտել արդարադատության իրականացմանը: Վարդազարյանին ևս գաղտնի ձայնագրել էին՝ ճիշտ այնպես, ինչպես ինքն է Ջհանգիրյանին գաղտնի ձայնագրել:

Լուսանկարում՝ Արթուր Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter