
Իրանական միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները կարող են ձեռքբերվել առաջիկա շաբաթների ընթացքում
Միացյալ Նահանգներին և Իրանին կարող է պահանջվել մի քանի շաբաթ, մինչև ձեռք կբերվեն պայմանավորվածություններ Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգման շուրջ։ Այդ մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը և Թեհրանը չեն կարողանում համաձայնության գալ «պատմական միջուկային համաձայնագրի» վերականգնման համար անհրաժեշտ մի քանի հիմնարար հարցերում։ Խոսքը գնում է միջազգային փորձագետների կողմից միջուկային ոլորտում Իրանի նախկին գործունեության ստուգման մասին, ինչպես նաև տնտեսական այն երաշխիքների շուրջ այն դեպքում, եթե ԱՄՆ ապագա վարչակազմը որոշի դուրս գալ գործարքից, ինչպես 2018 թվականին դա արեց Դոնալդ Թրամփը։ Զրուցակիցները վստահ են, որ տարաձայնությունների կարգավորման համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ։
Նախօրեին՝ օգոստոսի 26-ին, ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների ձեռբքերումը առավել քան երբևէ մոտ է: Ֆրանսիական RFI ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշել է, որ «ՄԱԳԱՏԷ-ի կողմից իրականացվող օբյեկտների ստուգումը կբխեին բոլոր կողմերի շահերից»՝ դա անվանելով «քաղաքական կամքի հարց»։
Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։
Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ազդակներ է ուղարկել այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։
Լուսանկարը՝ REUTERS / Alamy Stock Photo
Մեկնաբանել