HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելուց

Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն այսօր՝ օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց , որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագետ այցելել էր Շուշի, որտեղ մասնակցում էին կոնֆերանսի։ Նրանք Ֆիզուլիի օդանավակայանից Շուշի էին ժամանել ավտոբուսներով։

«Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք բացահայտորեն անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք դա ընդունում ենք որպես մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք։ Որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռևս չի ավարտվել»,- նշել է Հաջիևը, որը Ադրբեջանի նախագահի աշխատակազմում համակարգում է արտաքին քաղաքականության բլոկը։ 

Հաջիևի պնդմամբ՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, «ավանդ չեն ունեցել հակամարտության կարգավորման մեջ»։ «Նրանք վատնել են մեր ժամանակի 30 տարին։ Չմասնակցելով այս ուղևորությանը՝ նրանք հերթական անգամ արհամարհանք են ցուցաբերել»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։ 

Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները չեն այցելում Շուշի։ Դեռ նախորդ տարվա հուլիսին նրանք դարձյալ հրաժարվել էին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների Ֆիզուլի (խմբ. Վարանդա) և Շուշի այցելությանը մասնակցելուց։ Այդ ժամանակ այցին չէր մասնակցել նաև Ռուսաստանի դեսպանը։ Այդ ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները դեսպանների հրաժարումն անվանել էին «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։ Ավելի ուշ, Ռուսաստանի դեսպանն այցելել էր Շուշի։

Պատերազմի ավարտից հետո պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով, այդ թվում Ալիևի, հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմաստ այլևս չկա։ Երևանը պնդում է հակառակը։ Նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը, և այս մանդատը որևէ մեկը չի չեղարկել։

Վերջին շրջանում հարաբերությունները լարված են նաև Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ներսում։ Համանախագահներն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո չեն հանդիպել։ Ռուսաստանը մյուս երկրներին մեղադրում է այս ձևաչափով Մոսկվայի հետ հարաբերությունների խզման մեջ և նշում, որ այն, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Այս մոտեցումը բխում է Ադրբեջանի շահերից։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարում են, որ ԵԱՀԿ այս ձևաչափը շարունակում է գործել։ Այդուհանդերձ, ուկրաինական ճգնաժամից հետո համանախագահներն առանձին-առանձին են ժամանում տարածաշրջան, միասնական այց այդպես էլ չի կայացել։

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter