HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում աղիքային հիվանդությունների չգրանցվելը զուտ պատահականություն է

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Ազնիվ Թորոսյանը դարձյալ բարձրաձայնում է, որ մարզի մի շարք համայնքներում, որտեղ խմելաջրի ցանցը համայնքային նշանակության է, ջրի որակը չի համապատասխանում սահմանված նորմերին:

Հատկապես Ապարանի եւ բարձր լեռնային գյուղերում վիճակն այնքան է սրվել, որ Ազնիվ Թորոսյանն այդ մասին հայտարարեց նաեւ մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ` գյուղապետերին հորդորելով պատշաճ վերահսկողություն իրականացնել ջրի որակի նկատմամբ:

«Որեւէ համայնքապետ չի կարող ժխտել, որ իրենց գյուղի ջրառի գլխամասերը, սանիտարական պահպանման գոտիները գտնվում են խայտառակ վիճակում: Բոլոր համայնքային նշանակության աղբյուրների լաբորատոր ստուգումները տալիս են որակական շեղումներ: Ապարանի տարածաշրջանի գյուղերում ջրի լաբորատոր ստուգման ժամանակ մանրէներ են հայտնաբերվել, զուտ պատահականություն է, որ մենք աղիքային ինֆեկցիա չունենք այդ տարածքում: Հիմա որ գյուղ մտնում ենք, ասում ենª մենք հիվանդ ենք, դա ինչի՞ց է: Իհարկե, ջրի գործոնից է»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետը:

Ըստ Ա. Թորոսյանի` եթե գյուղերում ուսումնասիրություն կատարվի, անպայման կարձանագրվեն հիվանդացության դեպքեր, քանի որ բնակչությունը չի դիմում բժշկական առաջնային օղակին եւ բուժվում է տնային պայմաններում, ինչը չի արձանագրվում:

Ազնիվ Թորոսյանի հետ ոչ բոլոր համայնքապետերն են համաձայն: Շողակնի գյուղապետ Սմբատ Բաղդասարյանն, օրինակ, չի հավատում տեսչության ստուգումներին: «Ո՞նց հավատամ, մեր գյուղում ստուգում են անում, ասում են` ջրի որակը վատ ա, բայց մի 2 կմ ներքեւի գյուղում ստուգում են, ասում են` ամեն ինչ լավ ա, պրոբլեմ չկա: Նույն ջուրն ա, ո՞նց եղավ` իմ մոտ վատ եղավ, ընդեղ` լավացավ: Այդպիսի բան հնարավո՞ր է»,- հարցնում է Սմբատ Բաղդասարյանը: «Փոխանակ մտածեն, թե ինչ անեն խնդիրները լուծելու համար, ինչ-որ ակտիվություն են ցուցաբերու՞մ: 2 տարի առաջ Ապարանի լաբորատորիան էր ստուգում արել, երեւի շշերն են խառնել, դրանից հետո երկրորդ անգամ արեցինք ստուգում, ամեն ինչ կարգին էր, վերջացավ գնաց»,- պարզաբանում է Ա. Թորոսյանը: Նրա ասելով` իրենք ոչ մի շահագրգռվածություն չունեն ջրի լաբորատոր ստուգման արդյունքները կեղծելու, ընդհակառակը` ինչքան մաքուր լինի ջուրը, այնքան հեշտ կլինի խնդիրը լուծել: Բացի այդ, լաբորատոր հետազոտությունները կատարում են տեղական ոչ առեւտրային կազմակերպությունները, սանիտարական ծառայությունը լաբորատոր ստուգում չի կատարում, հետեւաբար այդ լաբորատոր ստուգման պատասխանն էլ հիմք է ընդունվում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:

Ըստ Ազնիվ Թորոսյանի` գյուղապետերը շատ ուրախ պիտի լինեն, որ իրենց փոխարեն պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն է ջրի որակի հետազոտությունները պատվիրում, բայց հիմա գյուղապետերն արդեն պարտավոր են իրենք պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատոր կազմակերպությունների հետ եւ ամեն ամիս իրականացնել ջրի որակի արտադրական հսկողություն: Այդ դեպքում տեսչությունը եռամսյակը մեկ վերահսկելու է  գյուղապետերի աշխատանքը: Տեսչության պետը նշում է, որ 2002 թ.-ից իրենք են ամեն ամիս ջրի որակի ստուգում իրականացրել: «Թող իրենք անեն, որ հետո չասեն, թե սխալ եք արել: Մեր հիմնական խնդիրը միայն կանխարգելումն է, ամեն ամիս մարզպետին խնդրում ենք, որ համայնքապետերին տեղեկացնի քլորացման եւ այլ աշխատանքների մասին, սա անում ենք, որ հիվանդությունները գլուխ չբարձրացնեն: Եթե սննդամթերքից մեկ ընտանիք կարող է թունավորվել, ապա ջրի վատ որակից ամբողջ գյուղում համաճարակ կբռնվի: Մի՞թե գյուղապետերը չեն հասկանում»,- ասում է Ա. Թորոսյանը:

Արագածոտնի մարզի համայնքների մեծ մասում խմելաջրի գլխավոր կապտաժներն անմխիթար վիճակում են: Գարնան եւ աշնան ամիսներն ամենավտանգավորն են վարակների տարածման առումով, քանի որ անձրեւաջրերն ու սելավաջրերը խառնվում են խմելաջրին:

«Կապտաժները բաց են, եւ բոլոր գյուղերում էլ քլորացման խնդիր կա: Բայց միայն քլոր տալով չի, քլորակայան է պետք, որը թանկ հաճույք է, համայնքապետերը չեն կարող իրենց բյուջեներով կառուցել: Մեր այդքան աղմուկից հետո գոնե ավազանների լվացում, վարակազերծում անում են, բայց սիստեմատիկ աշխատանք չի կատարվում»,- ավելացնում է Ազնիվ Թորոսյանը:

Արագածոտնի մարզպետարանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Գյուրջյանն էլ ասաց, որ մարզպետարանը չի կարող ասել, թե որքան գումար է անհրաժեշտ գլխամասային կապտաժները վերանորոգելու համար. «Մոտավոր թվով հնարավոր չէ ասել, այդ հաշվարկները պետք է անեն նախագծողները: Մենք հաշվարկներ չունենք»:

Թե Արագածոտնի մարզում մարդիկ երբ կխմեն որակյալ ջուր` առայժմ պարզ չէ:

Մեկնաբանություններ (1)

Nver Sargsyan
Շնորհակալություն Հետքին, որ անդրադարձավ այս վաղուց արծարծվող ու շատ ցավոտ հարցին։ Դժբախտաբար հարցը միայն Արագածոտնի մարզի գյուղերին չի վերաբերվում այլ նաև մարզկենտրոն Աշտարակին, որտեղ ծորակը բացելիս ակընկալելի է ամեն ինչ ներառյալ տիղմ, որդեր և այլ կենցաղային աղբի մնացորդներ մինչդեռ Հայջրմուղկոյուղու Աշտարակի գրասենյակում հանգստացնում են ասելով՜ վտանգավոր ոչինչ չկա։ Մի քանի անգամ փորձել եմ անձամբ ես հանդիպել և զրուցել աշխատակիցների հետ որոնք ժպտալով են վերաբերվում ջրի որակի երաշխիքի իմ պահանջներին։ Իսկապես ծիծաղելի է պետական այրերի անտարբերությունը այս ստրատեգիական և բնակչության անվտանգութան հետ առնչվող կարևորագույն հարցերից մեկին։ Էլ չեմ խոսում խմելու ջրի սպասարկման որակի մասին (անկանոն և ոչ պատշաճ ճնշումով ջրամատակարարում)...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter