
Սևանա լճի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Դրախտիկ գյուղում
1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի են ունեցել մի շարք հետաքրքիր միջացառումներ՝ նվիրված Սևանա լճի պահպանությանը, որոնք կազմկակերպվել էին «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում:
Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:
Օրը սկսվել է Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում, որտեղ կազմակերպվել էին մաքրապատման աշխատանքներ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի ներքո, որն իրականացվում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի կողմից:
Մաքրապատման աշխատանքներին միացել էին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների և Գեղարքունիքի մարզի Դրախտիկի և Ճամբարակ միջնակարգ դպրոցների սաները: Յուրաքանչյուր դպրոցից մինչև 20 աշակերտ ներգրավվել էր աշխատանքներին:
Ուրբան հիմնադրամի կողմից ներկայացվել է թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց՝ բարձրացնելու իրազեկումը երիտասարդների շրջանակներում։
Մասնակիցներին տրամադրվել են ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն, որից հետո սկսվել են մաքրման աշխատանքները:
Աշխատանքներից հետո կազմակերպվել է թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև «Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների» մասին քննարկում աշակերտների և ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանի միջև:
Հանդիպման ժամանակ մարնամասն քննարկում է ծավալվել Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրների և լուծումների շուրջ։ Քասախի և Դրախտիկի դպրոցի աշակերտները իրենց հարցերն ու առաջարկություններն են ուղղել փոխնախարարին և «Սևանի ընկերներ» ծրագրային թիմի ներկայացուցիչներին։
Փոխնախարարը երեխաների հարցերին պատասխանելիս կարևորել և ընդգծել է Սևանա լճի նշանակությունը ոչ միայն բնապահպանական, այլև որպես խմելու ջրի բացառիկ պաշար: Արամ Մեյմարյանը ներկայացրել է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված Կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել ընթացիկ աշխատանքներից՝ անդրադառնալով ձկնապաշարի վերականգնման և մաքրման կայանների տեղադրման հարցերին։ Փոխնախարարը կարևորել է նաև միջոցառումներին հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը, քանի որ նրանք են այն օղակը իրենց ընտանիքներում, համայնքում ու շրջապատում, որ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն շրջակա միջավայրի պահպանությունը։
Քննարկումը եզրափակվել է ընդհանուր որոշմամբ, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի բարելավման համար։
Միջոցառումների շարքն ավարտվել է Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, որտեղ տեղի է ունեցել «ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» էկո-կրթական թատերական ներկայացումը: Այն պատրաստվել է Արեգունի ՀԿ-ի կողմից «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ն Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ներքո։
«ՍԵՎԱՆԻ ԱՂԵՐՍԸ» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սևանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփովում են հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով:
«Արդեն մեկ ամիս է անցել էկո-կրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները, և թե՛ մեծահասակները: Ներկայացումը դիտել են շուրջ 300-ից 350 և ավելի երեխաներ և ծնողներ Ճամբարակից և Լճաշենից: Իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի շուրջ ութ համայնքներով: Թող այս օրը մեզ հիշեցնի գետերի ու լճերի մաքրության կարևորության մասին: Սիրենք մեր հայրենիքն ու Սևանա լիճը, գիտակցենք դրա դերի կարորությունը մեր կյանքում։ Սևանա լճի ապագան մեր ձեռքերում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել