HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատին տրվող բնապահպանական վճարն ավելացել է, համայնքում կեղտաջրերի մաքրման կայան կկառուցեն

2023թ-ին Արարատ համայնքին հատկացվելիք բնապահպանական վճարի չափն աննախադեպ է՝  մոտ 144,5 մլն դրամ։ Համայնքի ավագանին որոշել է օգտվել  ընձեռված հնարավորությունից և կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) կառուցումը ներառել է հաջորդ տարվա բնապահպանական ծրագրում։ 

«Մենք ենթադրում էինք, որ շատ քիչ է մեր բնապահպանական վճարը, հաջորդ տարվա համար 10 անգամ ավել են հատկացրել»,- ասաց Արարատի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը։ 

Ավագանու հունիսի 29-ի նիստում հաստատված 2023թ․ բնապահպանական ծրագիրը երկու բաղադրիչների մասով բավականին ընդգրկուն է։ Առողջապահության մասով՝ Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվելու բժշկական սարքավորումներ, բնապահպանական մասով՝ առաջնային են համարել քաղաքը ոռոգման ջրով ապահովելը: Համայնքապետարանում կարծում են, որ հաջորդ տարի գրեթե ամբողջությամբ կլուծվի քաղաքի ոռոգման ջրի հարցը։ 

Ծրագրով նախատեսվում է պոլիէթիլենային խողովակների միջոցով անցկացնել 1225 մ ոռոգման ցանց, և այն հասցնել՝ Արարատ քաղաքի ոռոգվող տարածքներ, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան, Ավշար և Սուրենավան գյուղեր։ Արարատ քաղաքային զբոսայգու տարածքում կառուցել արտեզյան խորքային հոր, բարելավել Արարատ համայնքի լուսավորության համակարգը,   իրականացնել կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները և այլն։

Արարատ համայնքի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանը համայնքի համար հաշվարկված բնապահպանական գումարը մեծ չափով ավելացնելը բացատրում է առաջարկված ծրագրի կարևորությամբ։ «Մենք մաքրման կայան պետք է կառուցենք։ Կառավարությունը, հիմնականում, կայանը կառուցելու համար ընդառաջեց մեզ և գումարն ավելացրեց։ Կոյուղին վթարային վիճակում է գտնվում, և կոյուղաջրերը լցվում են մշակվող հողատարածքները։ Բնակիչները դրանով դաշտերն են ոռոգում, ինչքան էլ փորձում ենք արգելել՝ չի հաջողվում։ Դրա համար էլ որոշեցինք կոյուղի կառուցել, որպեսզի կանխենք կեղտաջրով ոռոգում իրականացնելը։ Կոյուղին անցնելու է Արարատ գյուղով և Զոդ բանավանով»,- հայտնեց պրն Մուսիկյանը։ 

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ 2023թ-ից կսկսեն մաքրման կայանի հետ կապված աշխատանքները։ Համայնքին հատակցվելիք բնապահպանական վճարից 50 426 350 դրամ կհատկացնեն կայանի նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացնելուն։ Մաքրման կայանի կառուցման նախնական արժեքը մոտ 2 մլրդ 400 մլն դրամ է գնահատվել։ Համայնքապետարանն առաջիկա տարիների սուբվենցիոն ծրագրերի հայտերը ներկայացնելու է կոյուղի և մաքրման կայան կառուցելու համար։ ԿՄԿ-ն սկզբում կեղտաջրերի տեխնիկական մաքրում կիրականացնի, իսկ հետագայում կմտածեն կենսաբանական մաքրում իրականացնելու մասին։ 

Մեկ տարի առաջ մեր հրապարակած՝ «Արարատ քաղաքի կոյուղաջուրը ոռոգում է Արարատ գյուղի դաշտերը» հոդվածում պատմել ենք, որ Արարատ գյուղի վարչական տարածքում գտնվող մաքրման կայանը թալանվել է 1990-ական թվականներին, խողովակաշարից մի կարճ, վթարված հատված է մնացել: Տեղ-տեղ գյուղացիներն են այն կոտրել, և կեղտաջրով ոռոգում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները՝ խաղողի այգիներ, ցորենի ցանքատարածքներ, բանջարանոցներ և այլն: 

Համայնքային իշխանությունը քաղաքի համար աղետալի վտանգ է համարում նաև գրունտային ջրերի առկայությունը, որը տարիներ շարունակ ողողում է քաղաքի «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի» բանավանի կամ տեղացիների անվանումով՝ Զոդ թաղամասի շենքերի նկուղային հարկերն ու հասարակական շինությունները։ Համայնքապետարանում կարծում են, որ կոյուղի կառուցելով այս հարցերին լուծում կտրվի։

Համայնքին տրվելիք բնապահպանական վճարն ավելացել է  Արարատ գյուղն ազդակիր ճանաչելու արդյունքում

Այս տարվա մայիսի 25-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում, որն ուժի մեջ կմտնի 2023թ-ի հունվարից։ Ըստ այդմ՝ հաջորդ տարվանից համայնքների օդային, ջրային եւ հողային տարածքներում վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը, ինչպես նաև՝ ազդակիր բնակավայրերի ցանկը յուրաքանչյուր տարի կազմելու է շրջակա միջավայրի նախարարությունը։

Արարատ համայնքը երկու ընկերություններից է բնապահպանական վճար ստանում՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ։

Մեկ տարի առաջ մեր հրապարակած հետաքննության մեջ անդրադարձել ենք այն հարցին, որ Արարատ գյուղի վարչական տարածքում է գտնվում վտանգավորության բարձր՝ երկրորդ աստիճանի դասվող պոչամբարը։ Սակայն, գյուղն ազդակիր համայնք չի ճանաչվել: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկված համայնքներ են համարվել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը՝ 85%-ով, որտեղ գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատ քաղաքը՝ 15%-ով, որտեղ գտնվում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»: 

Շրջակա միջավայրի նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում ազդակիր են համարվում Արարատ և Վարդենիս համայնքները։ Արարատ համայնքում ընդգրկված են Արարատ քաղաքը և Արարատ գյուղը, որոնք հանդիսանում են վերոնշյալ ընկերության ազդակիր բնակավայրեր։

2023թ-ի համար Արարատ համայնքի բնապահպանական ծրագիրը կազմելու նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել է բնապահպանական հարկից մասհանման չափը՝ հետևյալ համամասնությունների հիման վրա՝

  • ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար՝ 0 %,
  • մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար՝  15%,
  • ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար՝ 100%։

Շրջակա միջավայրի նախարարությունից տրված մեկնաբանությամբ՝ Արարատ համայնքին մասհանվող բնապահպանական վճարն ավելացել է Արարատ գյուղում գտնվող պոչամբարի՝ հողն աղտոտելու համար, համայնքին մի քանի տարի չվճարած բնապահպանական վճարը հաշվարկելու արդյունքում։

Այսինքն, Արարատ գյուղը, որտեղ գտնվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության պոչամբարը, արդեն համարվում է 100% ազդակիր բնակավայր: 2021թ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով Արարատ համայնքը խոշորացվել է և շրջակա 11 գյուղերն ընդգրկվել են համայնքի կազմում, այդ թվում և Արարարտ գյուղը։ Հետևաբար, ազդակիր ճանաչված Արարատ գյուղի բնապահպանական վճարը հաշվարկվելու և փոխանցվելու է Արարատ համայնքի բյուջե։

Նախարարությունը «Կավաշեն» ՍՊԸ-ն դարձյալ չի դիտարկել Արարատ համայնքն աղտոտող 

Վերը նշված երկու ընկերություններից բացի, Արարատ քաղաքում գործում է երրորդ ձեռնարկությունը՝ «Կավաշեն» ՍՊԸ-ն, որն ազբոթիթեղներ է արտադրում։ Այս ընկերության վճարած բնապահպանական հարկից համայնքին ընդհանրապես մասհանում չի արվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ազբեստի բոլոր տեսակները որակել է քաղցկեղածին։ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային  գործակալությունը ազբեստը ներառել է քաղցկեղածին նյութերի ցանկի առավել վտանգավորների խմբում։ Ազբեստն առաջացնում է թոքի, շնչուղիների, ստամոքսի և ձվարանների քաղցկեղ, ինչպես նաև՝ մեզոթելիոմա, ազբեստոս (թոքերի ֆիբրոզ) և այլ հիվանդություններ: Այդ մասին առավել մանրամասնորեն կարող եք ծանոթանալ «Հետքի» այս հրապարակումից։

Արարատի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը 2017թ-ին դիմել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ խնդրելով աջակցել «Կավաշեն» ՍՊԸ-ին ներառելու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում։

«Քաղաքի վարչական տարածքում գտնվող ձեռնարկությունները՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն և ասբոիրերի «Կավաշեն» ՍՊԸ գործարանները բացասաբար են անդրադառում քաղաքի շրջակա միջավայրի և օդային ավազանի վրա, որի համար պետբյուջե բնապահպանական վճարներ են վճարում։ Այդ ձեռնարկությունների բնապահպանական վճարներից մասհանում են կատարվում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Արարատցեմենտի» վճարներից։ «Կավաշեն» ՍՊԸ-ն ներառված չէ օրենքի 1-ին հոդվածի ցանկում, այն դեպքում, երբ ասբոիրերի արտադրության գործարանի արտադրության և սպառման թափոնները տեղակայվում են գործարանի մերձակա տարածքում, կեղտաջրերը հեռացվում են բաց դրենաժային համակարգով։ Հայտնի է, որ ասբեստը պարունակում է վնասակար նյութեր, ըստ մասնագետների՝ ունի քաղցկեղածին վտանգավոր հատկություն»,- խնդրանքը այսպես է հիմնավորել քաղաքապետը։

Արարատի քաղաքապետ Հայկյանը նշել է, որ 2008թ-ից սկսած այդ հարցով դիմել են՝ բնապահպանության, տարածքային կառավարման նախարարություններին, Արարատի մարզպետին։ Չնայած վերադաս մարմինները դրական պատասխաններ են տվել իրենց գրավոր խնդրանքներին, սակայն հարցը մինչև այժմ լուծում չի ստացել։ 

Ազգային  ժողովը 2009թ-ի հունիսի 11-ին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ է կատարել՝ ընդլայնել են օրենքի 1-ին հոդվածում ներառված ընկերությունների ցանկը, սակայն «Կավաշեն» ՍՊԸ-ն ցանկում չի ներառվել։ Օրենքի 1-ին հոդվածում ներառվել են հետևյալ ընկերությունները՝ 

  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ` ազդակիր Մեծամոր քաղաքային համայնքով,
  • «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ` գ. Մեղրաձոր, գ. Սոթք, Արարատի մարզի ազդակիր համայնքներով։ 

Օրենքում փոփոխություններ կատարելու հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկը լրացնելու համար հիմք են հանդիսացել Արարատի մարզպետի և Արարատի քաղաքապետի առաջարկությունները։

Արարատ քաղաքի ավագանին 2011թ-ի մարտին ուղերձով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և մի շարք այլ գերատեսչությունների։ Հայտնել են, որ «Կավաշեն» ՍՊԸ-ն, որն ամենամեծ բնապահպանական վճար վճարողն է, ներառված չէ օրենքի 1-ին հոդվածում և խնդրել են լուծում տալ հարցին։

2012թ․-ին Ազգային ժողովում կրկին նախագիծ է շրջանառվել, որով առաջարկվել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացում կատարել և բնապահպանական հարկ վճարողների ցանկում ավելացնել «Կավաշեն» ընկերությունը։ Օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվել է նրանով, որ «Կավաշեն» ՍՊԸ-ն իրականացնում է ասբոիրերի արտադրություն եւ միայն 2011թ ընթացքում ունեցել է շրջակա միջավայրում վնասակար ապրանքների արտադրության համար հաշվարկված եւ վճարված 3 մլն 490 հազար հազար դրամ գումար։ «2009 եւ 2010 թվականների ընթացքում համապատասխանաբար 5 988 000 եւ 5 886 600 դրամ,  որից համայնքին պետության կողմից մասհանում կատարելը բավականին ծանրակշիռ դեր կարող էր ունենալ համայնքի զարգացմանն ուղված հասցեական գործունեության արդյունքում»,- ասվում է գրության մեջ:

Օրենսդրական փոփոխություն նախաձեռնողներն իրենց հերթին հայտնել են, որ անարդար կլինի ասբոիրերի գործարանի կողմից համայնքում արտադրվող վնասակար ապրանքների արտադրության համար վճարվող բնապահպանական վճարից մասհանում չանելը` որպես փոխհատուցում համայնքին: Միաժամանակ, «Կավաշեն» ՍՊԸ-ին օրենքում ընդգրկելու դեպքում հնարավոր կլինի համայնքում կարեւոր հարցեր լուծել, մասնավորապես՝ քաղաքի ոռոգման ջրի հարցը։

Նախագիծը ԱԺ-ն չի ընդունել, մեզ չհաջողվեց պարզել պատճառը։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ուղղված գրությամբ ցանկացանք պարզել, թե ի՞նչ գործոններ կարող են դերակատար լինել այս հարցում, որպեսզի «Կավաշեն» ՍՊԸ-ն  համայնքին բնապահպանական հարկ չվճարի։ 

«Վարչապետի 2022թ հունվարի 20-ի «ՀՀ 2023թ բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 72-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի կատարման շրջանակներում պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «Կավաշեն» ՍՊԸ-ի գործունեությունը չի համապատասխանել Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին և 2023թ համար չի հանդիսանում գործունեության արդյունքում վնասակար ազդեցություն ունեցող ընկերություն, ինչը կարող է փոփոխվել հաջորդող տարիներին»,- հայտնում է նախարարությունը։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter