Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:
Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու հետ կապված զարգացումները գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում: «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:
Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- ասել է Լ. Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Մեկնաբանել