HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

 Ավետիք Չալաբյանը 15 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը կրկին ազատ կարձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, որոշեց բեկանել Չալաբյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը,  որը կայացրել էր դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը: Չալաբյանը 15 մլն դրամով ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Չալաբյանի գործը դատարան, ըստ էության, քննության  է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 7-ին: Նախնական դատալսումների փուլում դատարանը քննարկել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը, և չնայած այն հանգամանքին, որ հանրային մեղադրողը Չալաբյանի նկատմամբ գրավի կիրառումը համարել է թույլատրելի, դատավորը որոշել է նրան երեք ամիս ժամկետով կալանավորել:

Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ : Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:

Չալաբյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, քանի որ նա քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter