HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակում․ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը

Կառավարությունը նախատեսում է շուրջ 2 մլրդ 232 մլն դրամի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 1-ի նիստում։

Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ տեղեկացնելով, որ բուհերում առկա տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել։

Վարչապետը խոսքով՝ Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղն ընտրելու հարցում։ Այն կկառուցվի Աշտարակում։

Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են նախատեսում իրականացնել հատկացվող 2,2 մլրդ դրամով։

Ըստ նախարարի՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման և Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայում և դրա տարածքների բարեկարգման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք կբերվեն։

Դրա համար կհատկացվի 19 մլն 193 հազ․ դրամ։

«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի համայնքներում։

«Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոց»-ում ջեռուցման համակարգ կտեղադրվի, «Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց»-ի տարածքը կբարեկարգվի և կպարսպապատվի, «Էջմիածնի պետական քոլեջ»-ում տանիքի նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Իսկ «Հայաստանի ազգային գրադարան»-ի վարչական մասնաշենքում ջեռուցման համակարգը կարդիականացվի։

Կվերակառուցեն նաև 8 հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Շինարարական աշխատանքների համար կհատկացվի ընդհանուր 1 մլրդ 33 մլն դրամ։

«Ինչպես նաև 70 կազմակերպության կապհովվի շուրջ 250 մլն դրամի գույքով, այդ թվում՝ 18 թանգարանի, 12 գրադարանի, 26 մարզադպրոց, 3 ուսումնական և 6 արտապրոցական ուսումնական հաստատություն, 5 մշակութային կազմակերպություն,- հայտնեց Դումանյանը։

Գույքով ապահովվի նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ 2023թ.-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնության անցկացման նպատակով։

Փաշինյանն էլ տեղեկացրեց՝ աշխատանքային քննարկման ժամանակ պայմանավորվել են առաջիկայում ունենալ պլան, թե օրինակ, 2023 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ քանի դպրոց և քանի մանկապարտեզ պետք է շահագործման հանձնված լինեն, հետո 2023-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ քանի դպրոց և մանկապարտեզ․ «Այդպես մինչև 2026 թ.-ը, որպեսզի մեզ համար ճանապարհային քարտեզը՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ, հստակ լինի, և մենք այսօրվանից և՛ բյուջետավորմամբ, և՛ մնացած կոմպոնենտներով համոզված լինենք, որ ճիշտ ժամանակացույցի մեջ ենք»,- եզրափակեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter