HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանն ընդունել է իրենց առաջարկած 5 կետերը

Երկու օր առաջ Բրյուսելում Հայաստանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ընդունում է մեր կողմից առաջարկվող հինգ կետերը։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, միմյանց տարածքային որևէ պահանջի ներկայացումից հրաժարմանը, ուժի և սպառնալիքների կիրառման հրաժարմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների բացմանը։ 

«Դա ևս մեկ անգամ հաստատվել է երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ։ Մեր արտաքին գործերի նախարարները համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններ կսկսեն այդ հինգ սկզբունքների հիման վրա»,- ասել է Իլհամ Ալիևը։

Դեռ մարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մանրամասներ էր ներկայացրել հայկական կողմի պատասխանի մասին։

Նախ Մարուքյանը քննադատել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին աշխատանքային փաստաթղթից մանրամասներ հրապարակելու համար։ «Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և  քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է, կոռեկտ չէ դա հրապարակել»,- նշել էր Մարուքյանը՝ հավելելով, որ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական հինգ կետերի և հայկական վեց կետերի համատեքստում կարող են սկսվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Բայց հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,– ասել էր Մարուքյանը։

Այնուհետ հատուկ հանձնարարություններով դեսպանը ներկայացրել էր հայկական կողմի վեց առաջարկները։

  1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
  2. Հայաստանի  Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
  3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարությում և խնդրել տրամադրել ադրբեջանական կողմին հայկական կողմի արձագանքի փաստաթուղթը, սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել էր՝ հղում անելով Մարուքյանի հարցազրույցին։ «Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է հայկական կողմի առաջարկների մասին»,- նշվում էր հարցման պատասխանի մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսի 16-ին Թբիլիսիում։ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում էր ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter