
Իշխանությանը ձեռնտու է ունենալ կանխատեսելի մրցակից նախագահական ընտրություններին. Ստեփան Սաֆարյան
«Խոշոր կապիտալը Հայաստանի նման փոքր երկրում չի կարող պաշտպանված լինել առանց իշխանական լծակների: ԲՀԿ-ն, եթե անգամ փորձի հանդես գալ ռադիկալ ընդդիմադիր դիրքերից, ապա դա լուրջ փորձություն կլինի: Ի հայտ կգան ոչ միայն ներկուսակցական հակասություններ, այլ նաև նախընտրական շրջանում ընդդիմադիր հռետորաբանության շնորհիվ ձևավորված ոչ կայուն ընտրազանգվածը կարող է երես թեքել «Բարգավաճից», քանի որ այդ կուսակցության ոչ բոլոր անդամներին ու համակիրներին է հարազատ ընդդիմադիր կեցվածքը», - կարծում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և օրինակ է բերում Սուքիասյանների բիզնեսի անկումը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հետընտրական զարգացումների մասին` Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դրանք որպես այդպիսին չկան, և հիմնական պատճառներից մեկն այն է, որ հետընտրական գործընթացների համատեքստում համընդհանուր քննարկման առարկա են դարձել ոչ թե ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի գոհ լինել կամ չլինելը ընտրությունների արդյունքից, այլ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները` կշարունակի՞ ԲՀԿ-ն մնալ կոալիցիայի կազմում, կսատարի՞ գործող նախագահին առաջիկա նախագահական ընտրություններին կոալիցիոն հուշագրի պարտավորվածությամբ, թե՞` ոչ:
Այս դեպքում ԲՀԿ-ն ներկայացվում է որպես ըննդիմադիր ուժ: Սաֆարյանի գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստանը» ի սկզբանե ստեղծված է եղել որպես իշխանական կուսակցություն, և կմնա կոալիցիայի կազմում, թե դուրս կգա դրանից, իրերի դրությունը դրանից չի փոխվի:
«Խորհրդարանական ընտրություններով ՀՀԿ-ն գերապահովագրեց իր դիրքերը նախագահական ընտրություններից առաջ` ցույց տալով, որ կարող է ԲՀԿ-ի հետ ավելի բարձր դիրքերից խոսել, և եթե ԲՀԿ-ն շարունակի ներկայացվել որպես ընդդիմություն, ապա դա ձեռնտու կլինի միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ում համար ԲՀԿ առաջնորդը ցանկալի և կանխատեսելի մրցակից է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանւ: Նա հավելեց, որ այս պարագայում շատ բան է կախված ընդդիմությունից` նշելով, որ «Ժառանգությունը» կարող է ներկայանալ իր թեկնածուով:
Մեկնաբանել