HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի քոլեջում խմելու ջրով ծառեր, բույսեր են ոռոգել. 760 հազար դրամ պարտքի համար ջրամատակարարումը դադարեցվել է

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 29-ից խմելու ջուր չկա: 600-ից ավել ուսնողներն ու մոտ 70 դասախոսները դասի են գնում՝ շնչելով զուգարանների գարշահոտությունը: Լվացվելու, խմելու համար ստիպված իրենց տներից են տարաներով ջուր բերում: Դասախոսները փաստում են, որ քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը որոշել է խմելու ջրով ոռոգել բակի ծառերը, լոլիկի ու պղպեղի բույսերը, ինչն էլ ջրի մոտ 760 հազար դրամի պարտք է առաջացրել: Պարտքը չի մարվել, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունը որոշել է դադարեցնել ջրամատակարարումը: Սպասվում է, որ ջրային ընկերության կողմից քոլեջը նաև տուգանվելու է՝ խմելու ջուրը ոչ նպատակային օգտագործելու համար: Սա այն դեպքում, երբ նախկինում ամիս է եղել ջրի համար վճարել են ընդամենը 12 000 դրամ:

Քոլեջը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության է: Այնտեղից հորդորում են դասախոսներին՝ դասերը պարապել՝ նույնիսկ ջրի բացակայության պայմաններում, ինչը դասախոսական կազմն անհնար է համարում: Սակայն, ջուր չունենալը միակ դժվարությունը չէ, որ առաջացել է այս քոլեջում: 

Անգին Արշակյանի տնօրեն ընտրվելուց հետո քոլեջում աննպատակ ծախսեր են արվում: Տարածքում այս տարվա հուլիսին կառուցվել է «ինտերակտիվ թոնրատուն»: Թե ինչի համար է պետք թոնրատունը՝ ոչ ոք չգիտի: Քոլեջի արհմիության նախագահ, սոցիալ-իրավագիտական ամբիոնի վարիչ Վարսիկ Գևորգյանն ասաց, որ այդ թոնրատունը օգտագործվել է մեկ անգամ. բացման օրը թոնրի մեջ խորոված են պատրաստել:

Վարսիկ Գևորգյանի խոսքերով՝ թոնրատունը կառուցվել է արհմիության գումարների հաշվին: Արհմիության անդամ հանդիսացող դասախոսների աշխատավարձից ամեն ամիս 1% փոխանցվում է արհմիության հաշվին, որն էլ օգտագործվում է դասախոսների վիրահատության, տոնական օրերը նշելու, հանգստի կամ նմանատիպ այլ միջոցառումների համար: 

Վ. Գևորգյանի փոխանցմամբ՝ 2021թ. դեկտեմբեր ամսին տնօրեն Արշակյանը խնդրել է պարտքով իրեն տալ արհմիության հաշվին կուտակված 2-3 ամսվա գումարները, որպեզի կառուցվի ինտերակտիվ թոնրատուն, սնկատուն՝ խոստանալով հաշվետվությամբ ներկայացնել կատարված աշխատանքը: Գումարները ծախսվել են, սակայն կոլեկտիվը մինչ օրս տնօրենի խոստացած հաշվետվությունը չի տեսել:

Մինչ այդ ունեցել են ջերմատուն, որը որոշ ժամանակ չի մշակվել՝ հաշվի առնելով, որ քոլեջը չունի գյուղատնտեսական կուրս, իսկ կատարված ծախսերը ոչ մի կերպ հնարավոր չէր հետ բերել: Արշակյանի գալուն պես ջերմատունը ևս օգտագործվել է՝ դարձյալ չունենալով գյուղատնտեսության բաժին, ինչը քոլեջի դասախոսներն անպատակահարմար  ծախս են համարվում: 

«Խոստացել էր ծրագրեր բերել, դասախոսներին ներգրավվել ծրագրերի մեջ: Բոլորիս էլ գայթակղել է առաջարկը: Մենք էլ նույնիսկ մեր անձնական գումարներից տրամադրեցինք, անձամբ ես 5000 դրամ եմ տվել, ոմանք 10 000 են տվել, որ ծրագրերն իրագործվեն: Արհմիության գումարներից 2021թ. նոյեմբեր ամսից 954 հազար դրամ ծախսվել է, սակայն դասախոսի որևէ սոցիալական հարց դրանով չի լուծվել: Ունեցել ենք դեպքեր, որ դասախոսների ծնողներից մահացել են, 70-ից ավել կոլեկտիվով ընկել 100-200 դրամ ենք հավաքել, որ ծաղկեպսակ գնենք, ուղարկենք, նախկինում արհմիության գումարներով էինք անում: Բայց տնօրենը պարտքով ուզեց, տվեցինք իրեն»,-ասում է Վ. Գևորգյանը:

Արհմիության նախագահի խոսքերով, երբ հերթական անգամ Անգին Արշակյանը գումար է պահանջել արհմիությունից, մերժում է ստացել: Պահանջել է, որպեսզի տնօրենը տրամադրի նախկինում վերցված գումարների դիմաց կատարված աշխատանքի հաշվետվությունները: Վարսիկ Գևորգյանի փոխանցամբ՝ տնօրենը դրանից հետո սպառնացել է լուծարել արհմիությունը: Այդ նպատակով նույնիսկ մի քանի դասախոսների և աշխատակիցների համոզել է, թե դիմում գրեք դուրս եկեք արհմիությունից, միևնույն է՝ լուծարվելու է: Նրանցից մեկը եղել է փոխտնօրեն Սուսաննա Նազարյանը, ով օրեր անց, իմանալով, թե իրականում ինչ է կատարվել, հետ է վերցրել արհմիությունից դուրս գալու դիմումը:  

Բացի այդ, պարտքեր է կուտակվել տնտեսական խանութում: Վարսիկ Գևորգյանի փոխանցմամբ՝ տնօրեն Արշակյանն իրեն ասել է, թե նախկին տնօենի պաշտոնավարման ժամանակ տնտեսական խանութում քոլեջը պարտք է 300 հազար դրամ, օրեր անց այդ գումարի չափը դարձել է 500 հազ. դրամ: Ավելի ուշ արհմիության նախագահը պարզել է, որ նախկին տնօրենի իրական պարտքը կազմել է ընդամենը 5200 դրամ, բոլոր պարտքերը կուտակվել են Անգին Արշակյանի պաշտոնավարման ժամանակ: 

«Անձամբ ես, հաշվապահի հետ 156 հազար դրամ տարել մարել եմ պարտքի գումարի մի մասը, որ կարողանանք ապրանք վերցնենք քոլեջի կարիքների համար»,-ասում է Վ. Գևորգյանը:

Օգոստոսի 24-ից քոլեջում հրապարակային բողոքի ակցիաներ են իրականացվում: Դասխոսները պահանջում են, որպեսզի աշխատանքից ազատվի քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը: Սեպտեմբերի 1-ին քոլեջում նույնիսկ դաս չեղավ: Դասախոսական անձնակազմն այդպես փորձել է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ամիսներ շարունակ իրենց կողմից բարձրաձայնված դժգոհություններին:

Քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Մարգարյանն ասաց, որ իր գործընկերների բողոքին միացել է օգոստոսի 29-ից: Ըստ նրա՝ նախապես կազմակերպված բողոքի ակցիա չի եղել: Սկզբում նույնիսկ տեղյակ չի եղել, որ նման ակցիա է իրականացվում: «Հետո հասկացա, որ աշխատակիցների պահանջներն իրական են, հավաստի են և ես չէի կարող իմ կոլեկտիվի կողքին չլինել»,-ասում է 37 տարի քոլեջում աշխատած Սուսաննա Մարգարյանը:

Տնօրենի տեղակալը պատմեց, թե ինչպես է դժգոհությունը ձնագնդի էֆեկտով մեծացել և այժմ լուրջ խնդիր է դարձել: Ս. Նազարյանի խոսքերով՝ 2021թ. նոյեմբերի 4-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եկել և ներկայացրլ է Անգին Արշակյանին, որպես քոլեջի ժամանակավոր պաշտոնակատարի, քանի որ նախորդ տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Կոլեկտիվը սիրով ընդունել է տիկին Արշակյանին՝ առանց  որևէ դժգոհության: 

«Բոլորս մտածում էինք, որ տնօրենները գալիս-գնում են, մենք աշխատող ենք, իր հետ էլ կաշխատենք: Առաջի օրվանից արել ենք այնպես, ինչպես տնօրենը գտել է հարմար: Բայց առաջին օրվանից զգացվում էր, որ մեր աշխատանքը զրոյացնում է»,-մշում է տնօրենի տեղակալը:

Սուսաննա Մարգարյանն ասում է, որ ուսումնական պրոցեսը բարդ գործընթաց է, խիստ փաստաթղթավորված՝ ուսումնական պլաններ, ծրագրեր և այլն: Տնօրեն Արշակյանը բոլոր դասախոսներից հավաքել է այդ փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ պետք է ստուգի:  Հետո, ըստ Սուսաննա Մարգարյանի, դրսից, իրենց անծանոթ մարդկանց է տնօրենը հրավիրել և վերջիններս ստուգել են այդ ամբողջ փաստաթղթերը: Տնօրեն Արշակյանն այնքան լիազորություն է տվել, որ ստուգել են նաև մատյանները: 

«Ստացվում է, որ դասախոսներն ու ուսուցիչները չեն աշխատում, զրո է նրանց աշխատանքը, նրա անվստահությունը վիրավորել է մեզ: Հետո մի քանի անգամ ասել է, որ դասախոսների կազմածը աղբ է, պետք է նետել աղբանոցը: 37 տարի աշխատել եմ այստեղ, նման բան չի եղել»,-ասում է Ս. Մարգարյանը:

Տնօրենի տեղակալը հավելում է, որ քոլեջում մոտ 10 տարի տեսչական ստուգում չի իրականացվել: Հունվարին տնօրենը հրավիրել է, ստուգում իրականացրել են, իրենք չեն տրտնջացել, քանի որ օրինական գործընթաց է եղել: Սակայն, ամռան ամիսներին, Սուսաննա Մարգարյանը քոլեջ այցելելու ժամանակ նկատել է հերթական անծանոթին: Տնօրեն Արշակյանը նրան ներկայացրել է, որպես կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ, ով պետք է մոնիտորինգ իրականացնի:

«Ես ոչինչ չասացի, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրի: Ես լավ ընդունեցի այդ կնոջը՝ իմանալով, որ անօրինական է այդ ամենը: Գիտեի, որ այդ կազմակերպությունը վաղուց լուծարված է, ձայն չհանեցի: Իմ գործընկերներից մեկը չլռեց և ինստիտուտից ներկայացած կնոջը հարցրեց, թե ով է, ինչ իրավունքով է ստուգման եկել: Այդ խոսքերից կինը վիրավորվեց ու էլ չեկավ: Հետո այդ կինը զանգեց ինձ ու խնդրեց, որ իր անունը չշոշափենք՝ հասկանալով, որ անօրինական է եղել»,-ասում է Ս. Մարգարյանը:

Անահիտ Գևորգյանը 32 տարի է աշխատում քոլեջում: Տնտեսագիտության առարկայի դասախոսն է: Նա էլ պատմեց, որ Անգին Արշակյանի գալուց հետո քոլեջում լարվածության պակաս չկա: Ուսանղներին տրամադրել է դասախոսների դեմ, ծնողների ներկայությամբ վատաբանում է դասախոսներին: 

«Տնօրենի պաշտոնում նոր էր եկել, ուսանողներին կանչել է իր մոտ իմ դեմ բաներ է գրել տվել, մինչև հիմա չեմ հետաքրքրվել, թե ինչեր է գրել տվել: Գրելուց հետո մտել եմ լսարան, բարևել եմ, երեխաները բարևեցին ու չէին նստում: Ասում են՝ մեզ կներեք, ընկեր Գևորգյան, սխալ ենք վարվել: Մեկ շաբաթ այդ երեխաները տխուր էին, երկու 16-17 տարեկան աղջկա գրկել, իրենց հետ լաց եմ եղել, չէին հանգստանում: Ոնց կարելի է այդ տարիքի երեխաներին ներքաշել նման գործընթացների մեջ: Ծնողներին էլ էր տրամադրում դասախոսների դեմ, իր մոտից դուրս էին գալիս ու հարցնում մեզ, թե տնօրենն ինչու  է վատաբանում դասախոսներին»,-ասում է Անահիտ Գևորգյանը:

Տնտեսագիտության դասախոսը պատմեց նաև, որ տնօրենի պահանջով իր կուրսի լսարանը դատարկվել էր, ոչ մի նստարան ներսում չէր մնացել, քանի որ այդպես էր ուզել: Տղաների հետ երեկ է նստարանները տեղափոխել լսարան: 

Նույնը տեղի է ունեցել նաև քոլեջի արհմիության նախագահ, սոցիալ-իրավագիտական ամբիոնի վարիչ Վարսիկ Գևորգյանի դեպքում: Նրա լսարանը վերածվել է ուսուցչանոցի: Ընդ որում, Անգին Արշակյանի տնօրեն նշանակվելուց հետո ուսուցչանոցը տեղափոխվել է այլ մասնաշենք, որը կտրված է ընդհանուր շենքից: Սեպտեմբերի 1-ին են դասախոսները պարզել, որ ուսուցչանոցի տեղը փոխվել է:

Դասախոս Անահիտ Գևորգյանը դժգոհեց նաև պետական քննությունների անցկացման որակից: Նշեց, որ հինգ պետական քննության է մասնակցել, սակայն տնօրեն Արշակյանը ոչ մի անգամ չի  թողել, որ ինքն ուսանողին գնահատի, որպես 2 տարի նրա հետ աշխատած մասնագետ: 

«Ուշախ-ուրախ նստել եմ, սպասում եմ, որ տնօրենը գար, տեսներ, թե ինչ որակի երեխաներ ունենք: Գալիս պտտվում գնում էր: Վերջում էլ եկավ նստեց ու երեխեքին ասում ա՝ հա, դու եկել, բակում խոտ ես մաքրել, 20 ես ստանում: Մազերս բիզբիզ էր կանգնել, ոնց կարելի է այդպես գնահատել երեխաներին: Մի բան գիտեմ, ինքը հոգեպես անհավասարակշիռ կին է, ինքը չի կարող այստեղ աշխատել և չպետք է աշխատի»,-նշում է Անահիտ Գևորգյանը:

Աշխարհագրության դասախոս Աշոտ Գրիգորյանը քոլեջում ստեղծված իրավիճակը ճգնաժամ է համարում, որի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին: Խոստացել են կարճ ժամանակում լուծում գտնել: Ա.Գրիգորյանն ասում է, որ իրենց դժգոհությունների մասին պատկան մարմիններին նոր չէ, որ տեղյակ են պահել, պարբերաբար հարցը բարձրացրել են նաև տնօրենի մոտ, որ փոխի կառավարման ձևը, մոտեցումները, սակայն՝ անօգուտ: 15 օր առաջ դիմել են նույնիսկ վարչապետի աշխատակազմին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, մարզպետարանին: Սպասում են պատասխանների:

Դասախոս Մարիա Նազարյանն էլ ասաց, որ իրենց համբերության բաժակը լցվել է, երբ արձակուրդից հետո եկել են աշխատանքի ու դատարկ են տեսել այն պատը, որը մանկավարժական խորհրդի նիստով որոշվել էր վերածել հուշապատի՝ զոհված զինծառայղողների նկարներով: Տնօրենը նկարները պոկել է պատից, ասելով, թե սա ուսումնական հաստատություն է, գերեզմանոց չէ: Դասախոսների բողոքից հետո հուշապատը մասամբ վերականգնվել է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը «Հետք»-ին փոխանցեց, որ նախարարություն ստացված բողոքներն այժմ ուսումնասիրվում է: Միաժամանակ համապատասխան քայլեր են ձեռնարկվում սովորողների կրթության իրավունքը լիարժեք ապահովելու համար:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ և լսել նաև քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի տեսակետը: Նա երեկ աշխատավայրում չէր: Հեռախոսազանգերին նույնպես չի պատասխանել: Թողել ենք հաղորդագրություն՝ խնդրելով, որպեսզի արձագանքի հեռախոսազանգերին, սակայն դա էլ է մնացել անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter