HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրահանձնակատար. ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումներին

Եվրամիությունը լավ պատրաստված է Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցմանը։ Այդ մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ իտալական Չեռնոբիո քաղաքում կայացած տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ԵՄ-ն ակտիվորեն պահեստավորում է գազը և գործարկում էներգիայի խնայման միջոցներ։

«Մենք չենք վախենում Պուտինի որոշումներից»,- նշել է Ջենտիլոնին՝ հավելելով, որ ԵՄ-ն Ռուսաստանից պահանջում է հետևել պայմանագրերին և հակառակ պարագայում «պատրաստ է արձագանքել»։

Ինչպես նշել է եվրահանձնակատարը, «շնորհիվ մատակարարումների դիվերսիֆիկացման», ԵՄ-ում գազային պահեստները ներկայումս լցված են մոտավորապես 80 %-ով։ Գերմանիայում սեպտեմբերի 3-ի առավոտյան դրությամբ՝ գազապահեստների լցվածության մակարդակը կազմում էր 84,53 %։

Ռուսական Газпром ընկերությունն օգոստոսի 31-ին «Հյուսիսային հոսք» գազատարով դադարեցրել էր Գերմանիա կապույտ վառելիքի մատակարարումը՝ պատճառաբանելով, թե «Պորտովայա» կոմպրեսորային կայանում իրականացվում են տեխսպասարկման պլանային աշխատանքներ։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ մատակարարումը կվերսկսվի սեպտեմբերի 3-ին։

Սակայն սեպտեմբերի 2-ի երեկոյան ռուսական ընկերությունը հայտնեց, որ Trent 60 ագրեգատում հայտնաբերվել է յուղի արտահոսք։ Դրանից հետո Ռոստեխնադզորը Газпром-ին զգուշացում էր ուղարկել՝ նշելով, որ այն պետք է վերականգնել միայն խնդիրը լուծելուց հետո։ Газпром-ի խոսքով՝ վերանորոգման աշխատանքներին մասնակցել են նաև Siemens ընկերության մասնագետները։

Զուգահեռաբար Siemens Energy ընկերությունը հայտարարել է, որ «յուղի արտահոսքը շինծու պատրվակ է «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարման վերականգնումից հրաժարման համար»։ «Որպես տուրբին արտադրող մենք կարող ենք միայն արձանագրել, որ այդպիսի դեպքը չի հանդիսանում շահագործման դադարեցման համար տեխնիկական պատճառ»,- ընդգծել են ընկերությունում։ Գերմանական ընկերությունում նշել են, որ այդպիսի արտահոսքի վերացումը հանդիսանում է տեխսպասարկման բաղկացուցիչ մաս և կարող է լուծվել տեղում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ ԵՄ-ում կներդրվի ռուսական գազի ձեռքբերման առավելագույն գին կամ այսպես կոչված «գնային առաստաղ»։ Մեծ յոթնյակի երկրները ևս պայմանավորվել են այդ քաղաքականության կիրառման շուրջ։

Լուսանկարը՝ Adobe Stock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter