HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի հարավում և արևելքում 3 բնակավայրի հետգրավման մասին

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման շրջանակներում Դոնեցկի մարզում հետ են գրավել մեկ բնակավայր և ևս երկուսը երկրի հարավում։ Այդ մասին պատերազմի 193-րդ օրվա արդյունքների վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադի 63-րդ գումարտակի մարտիկներին, որոնք Դոնեցկի մարզում արդյունք են ապահովել. բնակավայր է ազատագրվել։ 54-րդ բրիգադը Լիսիչանսկ-Սևերսկ ուղղությամբ ևս լավ քայլեր է արել, առաջ է շարժվել, զբաղեցրել կոնկրետ բարձրունքներ։ Ուզում եմ նշել նաև 42-րդ առանձին մոտոհետևակային գումարտակին, որի հերոսական գործողությունների շնորհիվ մեր երկրի հարավում ազատագրվել է երկու բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։

Թե որ բնակավայրերի մասին է խոսքը, Զելենսկին չի նշել։

Սեպտեմբերի 4-ին տելեգրամյան ալիքներում լուսանկար էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են զինվորականները Խերսոնի մարզի Վիսոկոպոլյե գյուղի շենքերից մեկի վրա, իբր, բարձրացնում ուկրաինական դրոշը։ Ավելի ուշ, լուսանկարը հրապարակել էր նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ լուսանկարի տակ գրելով. «Քայլ առ քայլ»։

Ռուսամետ «Рыбарь» տելեգրամյան ալիքը, որը տեղեկագրեր է հրապարակում ռազմական գործողությունների վերաբերյալ, առանց հղում անելու որևէ աղբյուրի, հրապարակել էր հետևյալ հաղորդագրությունը։

«Առավոտյան որոշում է ընդունվել Վիսոկոպոլյայի հարավային ծայրամասից հետ քաշել Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել շրջափակումից»,- նշվում էր հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter