HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանի պահանջով Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ցուցակը չի կազմվի, նշված պալատի նախագահ չի ընտրվի 

Վարչական դատարանը պարտավորեցրել է Դատական դեպարտամենտին ձեռնպահ մնալ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ցուցակը կազմելու և նշված պալատի նախագահի նոր ընտրությունը կատարելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու գործուղության կատարումից: Դատարանն այս որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության հիման վրա: 

Ռուզաննա Հակոբյանը օգոստոսի 29-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Դատական դեպարտամենտի՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ցուցակը կազմելու և նշված պալատի նախագահի նոր ընտրություն կատարելու նպատակով ԲԴԽ ներկայացնելու գործողության կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջելով:

Վարչական դատարանը, նախագահությամբ Գևորգ Սոսյանի, փաստացի ժամանակավոր բավարարել է դատավոր Հակոբյանի պահանջը՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Դատարանն իր որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ հայցի չապահովման դեպքում Դատական դեպարտամենտի կողմից վերը նշված գործողության կատարմամբ, ըստ էության, անհնարին կդառնա հետագայում հայցվորի օգտին հնարավոր կայացվելիք դատական ակտի կատարումը, քանի որ այլևս հնարավոր չի լինի Դատական դեպարտամենտին պարտավորեցնել ձեռնպահ մնալ արդեն իսկ կատարված գործողության կատարումից:

Դատարանի նախաձեռնությամբ ԲԴԽ-ն վարչական գործով ներգրավվել է, որպես երրորդ անձ: 

Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը մեկ այլ դատական գործընթաց է սկսել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ: Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 1-ին որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար: Սակայն, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել ԲԴԽ՝ հայտնելով առարկություն Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: ԲԴԽ-ն ընդունել է հանրապետության նախագահի առարկությունը, ինչը նշանակում է, որ պալատի նախագահի պաշտոնում նշանակելու Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը հանվել է:

Ռուզաննա Հակոբյանը վիճարկում է ԲԴԽ-ի այդ որոշումը, որով ընդունվելի է համարվել նախագահի առարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter