HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը։ Դաունինգ սթրիթ 10-ի նոր ղեկավար կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ 

Sky News-ի փոխանցմամբ՝ քվեարկության վեցերորդ փուլում Թրասը ստացել է Պահպանողական կուսակցության ավելի քան 81 հազար անդամների ձայները։ Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքի օգտին քվեարկել է ավելի քան 60 հազար մարդ։

Բացի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց՝ Թրասը կգլխավորի նաև Պահպանողական կուսակցությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնին։ 

Թրասը Ջոնսոնի կառավարությունում զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար։ 

Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Պատճառն այն է, որ խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում Ջոնսոնը նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնն այդ պատգամավորին նշանակել էր բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։ 

Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետը ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։

Քվեարկության վեցերորդ փուլը կայացել էր սեպտեմբերի 2-ին։ Ինչպես ի սկզբանե նախատեսված էր, քվեարկությունն ավարտվել էր տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), չնայած այն բանին, որ մեկնարկը հետաձգվել էր։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կառավարական կապերի բրիտանական կենտրոնը (GCHQ), որը պատասխանատու է կառավարության և զինված ուժերի տեղեկատվական պաշտպանության համար, զգուշացրել էր, որ ընտրության արդյունքների վրա կարող են ազդել հաքերները։  

Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հետ խորհրդակցություններից հետո որոշվել էր ուժեղացնել քվեարկության գործընթացի անվտանգությունը, որից հետո ուշացումով սկսվեց ընտրողներին քվեաթերթիկներ ուղարկելը։

Ավելի վաղ, The Telegraph թերթը գրել էր, որ պահպանվել է երկու տարբերակով՝ փոստային և առցանց քվեարկության հնարավորությունը, սակայն նոր համակարգով Պահպանողական կուսակցության յուրաքանչյուր անդամի եզակի կոդը կապաակտիվացվի այն բանից հետո, երբ նա քվեարկի։ Դա նշանակում էր, որ կայացված որոշման փոփոխություն չի կարող լինել։ 

Այսպիսով, կուսակցությունը ստիպված եղավ չեղարկել նախնական պլանները, որոնք թույլ կտային դրա անդամներին փոխել իրենց կատարած քվեն ընտրական գործընթացի ժամանակ։

Լուսանկարը՝ Chris J. Ratcliffe / Bloomberg / Getty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter