
Արցախցի պատգամավորները միջնորդել են վերանայել Միքայել Արզումանյանին կալանավորելու որոշումը
Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ վերանայելու Արցախի Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Հիմնավորման մեջ իբրեւ փաստարկ բերվել է Միքայել Արզումանյանի մեծ վաստակը Արցախի Հանրապետության պաշտպանության գործում։ Միջնորդությունը ստորագրած պատգամավորները երաշխավորել են Միքայել Արզումանյանի պատշաճ վարքագիծը մինչդատական վարույթում։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողակա պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
Մեկնաբանել