
Ծառուկյանի շրջադարձը կամ նոր գլուխկոտրուկ
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը և դրանով ավետեց, որ ՀՀԿ-ԲՀԿ կուլիսային բանակցություններն այս փուլում ավարտված են: Կոալիցիա կձևավորվի, սակայն երկու ուժերից` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի մասնակցությամբ, որը նույնն է, թե այն ձեւական բնույթ է ունենալու, իսկ Հանրապետական կուսակցությունը ստանձնելու է երկրի կառավարման և Կառավարության գործունեության ամբողջ պատասխանատվությունը: Այս մասով արդեն մեկուկես տարի տևող ներիշխանական խմորումների փուլը կարելի է ավարտված համարել, ինչը նշանակում է, որ այլևս ուժի մեջ չէ 2011թ. փետրվարին ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը: Սակայն ԲՀԿ-ի այս դիրքորոշումը չի վերացնում քաղաքական դաշտում առկա հիմնական ինտրիգները, որոնք պայմանավորված են գալիք նախագահական ընտրություններով:
Օղակ ՀՀԿ-ի պարանոցի՞ն
Մինչ այդ կուսկացության` գրեթե 20 օր պահպանած լռությունը, տեղեկատվական արտահոսքի բացառումը ցույց էր տալիս, որ ԲՀԿ-ն սպասողական վիճակում էր, ինչը կարող էր պայմանավորված լինել երկու հանգամանքով. կամ ընթանում էին բանակցություններ, և կողմերը չէին կարողանում հանգել համաձայնությունների, կամ Գագիկ Ծառուկյանը սպասում էր կոալիցիային միանալու կամ չմիանալու ինչ-որ հրահանգի: Հետաքրքրական է, որ Ծառուկյանն իր այս հայտարարությունը հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա մեկնելուց և, ըստ որոշ տեղեկությունների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումից հետո: Առայժմ այս երկու իրադարձությունների միջև պատճառահետևանքային ուղղակի կապերը հաստատող փաստեր չկան: Սակայն, ինչպես հայտնի է` քաղաքականության մեջ պատահական համընկնումներ գրեթե չեն լինում: Եթե այդպես է, ապա ԲՀԿ-ն այս քայլին դիմում է ոչ այնքան իր, որքան Մոսկվայի, լավագույն դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի հետաքրքրությունների համատեքստում: Իսկ դա կարող է նշանակել, որ մի կողմից ի դեմս ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանին ուժեղ և մոբիլիզացիոն լուրջ ռեսուրս ունեցող քաղաքական ուժ հակադրելու, այդպիսով հայաստանյան իշխանություններին վերահսկելի ու կառավարելի դարձնելու խնդիր է լուծվում, իսկ մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, իր վերադարձի համար ընտրում է իշխանության երկատման և առճակատման ճանապարհը: Այսինքն` նրա համար պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանն իր վերադարձի հարցում կոմպրոմիսային որևէ տարբերակի համաձայնվել չի ցանկանում: Իսկ նման տարբերակ կարող էր լինել վարչապետի պորտֆելը ԲՀԿ-ին հանձնելը:
Սակայն այս ամենը կարող է նաև այլ ենթատեքստ ունենալ: ԲՀԿ-ն երբեք չի հերքել, որ չնայած ընտրությունները կեղծված համարելու` միասնական շտաբի մաս կազմող ուժերի հետ արած հայտարարությանը` ՀՀԿ-ի հետ բանակցությունների մեջ է կոալիցա ձևավորելու հարցի շուրջ: Սա ինքնին խոսում էր այն մասին, որ նպատակը ժողովրդավարական արժեքների արմատավորումը կամ երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակի բարելավումը չէ, այլ նախագահական ընտրություններին ընդառաջ` կոալիցիայում իր դիրքերն ամրապնդելը:
Այսինքն՝ դրանք բանակցություններ էին, որոնք շոշափում էին բացառապես երկու հաղթած կուսակցությունների ներքին շահերը: Արդեն վերջին երկու օրերին ՀՀԿ-ն իր մամլո խոսնակի միջոցով հստակ ուղերձ հղեց ԲՀԿ-ին և հանրությանը, որ չի պատրաստվում թողնել ոչ ԱԺ նախագահի և ոչ էլ հատկապես վարչապետի պաշտոնները: Եվ փաստացի հենց դրանից հետո Ծառուկյանը հանդես եկավ կոալիցիոն Կառավարություն կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ: Այսինքն՝ այս հարցը բանակցություններում ԲՀԿ-ի համար եղել է սկզբունքային:
Ի՞նչ է թաքցնում Ծառուկյանի հայտարարությունը
Արդյո՞ք սա նշանակում է, որ ԲՀԿ-ն տեղափոխվում է ընդդիմադիր հատված, և քաղաքական դաշտը բաժանվում է երկու բևեռի:
Հայտարարության մեջ ընդդիմություն դառնալու անգամ մոտավոր ակնարկ չկա: Ընդհակառակը` Ծառուկյանը հայտարարում է, որ կուսակցությունն ունենալու է «խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում»: Թե ինչ է նշանակում խիստ կառուցողականությունը, և ինչպես է դա դրսևորվելու, իհարկե լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս: Բայց էականն այն է, որ ԲՀԿ-ն հստակ հայտարարում է` իրեն որպես ընդդիմություն չընդունել: Դրանով նա իսկական երկընտրանք է առաջարկում նաև խորհրդարանական ընդդիմությանը. կամ իրեն ընդունել որպես պոտենցիալ գործընկերոջ, կամ` պոտենցիալ իշխանական ուժի: Թե ինչպե՞ս նրանք կկողմնորոշվեն, ցույց կտա ժամանակը:
Մյուս կողմից՝ ինչ որոշում էլ որ հիմա կայացվում է, վերաբերելու է ընդամենը առաջիկա 8 ամիսներին` մինչև նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածին, որը, բնականաբար, դեռևս մանևրների լայն հնարավորություն է տալիս: Ծառուկայնի հայտարարությունից չի հետևում, որ այս թեմայով հետագա քննարկումները կամ բանակցությունները բացառված են և առհասարակ կոալիցիային ԲՀԿ-ի միանալու հնարավորությունները վերջնականապես սպառված են:
Երրորդ` ուշադրություն դարձնենք` Ծառուկյանի հայտարարության մեջ ոչ մի ակնարկ չկա ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ: Ընդհակառակը, հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է. «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերն իրականացնելու սահմանադրական հնարավորություն»: Այսինքն՝ հիմք են ընդունվում ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն լեգիտիմացնում է ՀՀԿ-ի կողմից իշխանություն կազմելու՝ ստացած իրավունքը: Չնայած կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ համատարած կեղծումներով անցած ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն չի ներկայացնում հանրային իրական վստահությունը, սակայն ինքնին այն փաստը, որ պաշտոնական այս հայտարարության մեջ դրա մասին հիշատակում չկա, առնվազն հուշում է, որ այդ գործոնը կոալիցիոն կառավարությանը միանալ-չմիանալու որոշում կայացնելիս ոչ մի նշանակություն չի ունեցել:
Սա չափազանց կարևոր պահ է` հասկանալու, թե որքանով են ներիշխանական այս խմորումները խարսխված հանրային պահանջների և քաղաքական սկզբունքայնության վրա: Պարզ է, որ եթե կուսակցությունը հղում կատարեր ընտրությունների արդյունքների լեգիտիմությանը և փորձեր իրենց այս որոշումը պայմանավորել դրանով, ապա ստիպված էր լինելու պատասխանել նաև, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ընդհանրապես իշխանության հետ մտել բանակցությունների մեջ և թե ինչո՞ւ կոալիցիոն կառավարության մաս կազմելուց չհրաժարվեցին այն ժամանակ, երբ ընտրությունները համարում էին կեղծված, այսինքն`ապօրինի:
ԲՀԿ-ն, փաստորեն, չի տալիս հիմնական հարցերի պատասխանը. ինչո՞ւ է կարծում, որ ընդդիմադիր լինելով՝ չի կարող ժողովրդի կողքին լինել այնպես, ինչպես «խիստ կառուցողական» լինելու դեպքում: Երկրորդ` արդյո՞ք կոալիցիոն կառավարության ձևավորմանը չմիանալը նշանակում է, որ ԲՀԿ-ն չի սատարելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այս մասին հայտարարության մեջ ևս ոչ մի կոնկրետություն չկա: Մինչդեռ հենց այս կետում պետք է որոշվեր` որքանո՞վ է ԲՀԿ-ն շարունակում մնալ իշխանական, որքանո՞վ՝ ընդդիմություն, և որքանո՞վ` «խիստ կառուցողական»: Իհարկե, կարելի է Գագիկ Ծառուկյանին հասկանալ. նա ձգտում է նման ընդհանրական մոտեցումներով ու պատասխանների առկախմամբ հնարավորինս ապահովագրել կուսակցությանը և դրա առանձին անդամներին իշխանության վարչատնտեսական գործադրվելիք ճնումներից: Բայց երբ հայտարարվում է, թե Ծառուկյանը պատրաստ է զոհողությունների, կորուստների, ոչինչ, ըստ տրամաբանության, չպետք է խանգարեր այդ հստակեցումներն անելուն:
Ինչևէ, հիմա դեռևս վաղ է կոնկրետ եզրահանգումներ կատարել, որովհետև հայտարարությունն իրականում նոր հարցեր է ծնում: Առաջիկայում թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի և թե՛ մյուս քաղաքական ուժերի դիրքավորումից, ԲՀԿ-ի ներքին խմորումների ուղղվածությունից ու դինամիկայից կամ դրա բացակայությունից պարզ կդառնա` այս քայլով ինչի՞ է ուզում հասնել կուսակցությունը: Տվյալ պահի դրությամբ ԲՀԿ-ն շատ կոնկրետ մեկ խնդիր է լուծում. առնվազն պահպանում է ընտրությունների ժամանակ ձեռք բերած ընտրազանգվածը, որն անհրաժեշտ է առաջին հերթին հենց իրեն, եթե նախագահական ամբիցիաներ ունի: Բայց դա նաև կարևոր է Սերժ Սարգսյանի համար, ով խնդիր ունի մինչև նախագահական ընտրությունները կառավարելի պահել ընտրազանգվածը: Իսկ դա լավագույնս կարող է ապահովել միայն ԲՀԿ-ն:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել