Մշակույթի նախարարությունում օրենքն ու օրինականությունն ավելորդություններ են
Արթուր Հովհաննիսյան
Վերահսկիչ պալատը (ՎՊ) եւ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը մշակույթի նախարարությունում 2009 թ. մի շարք չարաշահումներ ու խախտումներ բացահայտեցին, ինչին հաջորդեց քրեական գործի հարուցումը: Մամուլում հայտնվեց նաեւ հայտնաբերվածի հետ ինչ-ինչ առնչություն ունեցող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունը:
Այնուհետեւ հիշյալ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը փոխանցեց ԱԱԾ, եւ լռություն...
Վերջերս ՎՊ-ն հրապարակեց իր ընթացիկ հաշվետվությունը ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերած նոր չարաշահումների եւ խախտումների վերաբերյալ:
ՎՊ-ն պետբյուջեի գումարները ծախսելու հետ կապված ընդամենը երկու ծրագիր է ուսումնասիրել: Միայն դրանցից մեկով, որը կապված է հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերի կատարման հետ, մոտ 25 մլն դրամի հավելագրումներ են հայտնաբերվել, ավելի քան 8 մլն դրամի աշխատանքներ համարվել են անարդյունավետ:
Հսկայական միջոցների վատնում է արձանագրվել նաեւ մյուս` «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ուսումնասիրությամբ: Բացի այդ, բացահայտվել է ավելի քան 1,7 մլն դրամի ոչ նպատակային ծախս:
ՎՊ-ն մասնավորապես պարզել է, որ 2009 թ. հոկտեմբերի 13-18-ը Ֆրանսիայում Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման ծախսերն իրականացնելու նպատակով «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 24 581 400 դրամ, սակայն այդ գումարից 267 000 դրամ վճարվել է միջոցառմանն առնչություն չունեցող անձի ավիատոմսի (այսինքն` ինչ-որ մեկին լավություն անելու, պետության միջոցների հաշվին այդ մարդուն Ֆրանսիա թռչելու հնարավորություն ընձեռելու) համար, որը պետբյուջե վերականգնման ենթակա է:
Կարող է թվալ, թե վերոնշյալ գումարը մեծ չէ, բայց այդպիսի օրինակները բազմաթիվ են, իսկ դրանց արդյունքում ձեւավորվող գումարը` պատկառելի:
Եվս մեկ օրինակ. ՌԴ-ում «Հայ մշակույթի սեզոններ» ծրագրի իրականացման շրջանակներում 2009 թ. սեպտեմբերի 15-19-ը Սանկտ-Պետերբուրգում եւ Կալինինգրադում «Կատուներ» ջազային համույթի ելույթների կապակցությամբ ճանապարհածախսն ապահովելու նպատակով 1 976 300 դրամ հատկացվել է «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ին:
Ութ մասնակիցների (ՌԴ ուղեւորվողների) ցանկում ընդգրկվել է նաեւ նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանը, ով պետք է հանդես գար որպես պատվիրակության ղեկավար:
Սակայն նա համույթի հետ չի մեկնել, ինչի հետեւանքով նախարարի խորհրդականի համար ձեռք բերված 230 700 դրամ ընդհանուր արժողության ավիատոմսերը (Երեւան-Սանկտ-Պետերբուրգ եւ Մոսկվա- Երեւան) չեն օգտագործվել:
Սա դեռ կարելի է հասկանալ, խնդիրն այն է, որ ավիատոմսերը չեն վերադարձվել, այսինքն` պետությանը պատճառվել է հերթական վնասը:
Նախարարությունում, փաստորեն, չեն հասկացել կամ անտեսել են այն իրողությունը, որ նշված գումարը մոտ 10 հոգու կենսաթոշակ է, եւ որ պետական բյուջեն արյունաքամ է լինում նաեւ այդպիսի վատնումներով:
2009 թ. փետրվարի 13-14-ը Երեւանում արվեստի նվաճումների հանրահռչակման համար արվեստների ցուցահանդեսի (Art Expo 2009) տեխնիկական մասի եւ շնորհանդեսի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով 3,639.8 հազ. դրամ հատկացվել է «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ին:
Չեն կատարվել պայմանագրի բազմաթիվ կետերի պահանջները. կատարողը` ՍՊԸ-ն, չի ներկայացրել, իսկ պատվիրատուն` նախարարությունը, չի պահանջել հաշվետվություն կատարողի կողմից իրականացված ծախսերի վերաբերյալ: Առանց ծախսերի որեւէ հիմնավորման` կազմվել է ցուցահանդեսի կազմակերպման հանձնման-ընդունման ակտ:
2010 թ. փետրվարի 10-14-ը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կայանալիք «Art Expo 2010» արվեստների 2-րդ ցուցահանդեսի կազմակերպման համար «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված 4,500.0 հազ. դրամից ՊՈԱԿ-ը միջոցառման իրականացման համար 3,730.0 հազ. դրամ փոխանցել է «Էքսպոմեդիա» ՍՊԸ-ին, եւ 770 հազ. դրամ` ՀՀ նկարիչների միությանը որպես ցուցահանդեսի գույքի եւ ցուցասրահի վարձակալական ծախսեր:
Կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ը չի նախատեսել եւ ՍՊԸ-ից չի պահանջել կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: 3,730.0 հազ. դրամի աշխատանքներն ընդունվել են առանց ծախսային փաստաթղթերի:
Ռեժիսոր Գոհար Հարությունյանի «Մի լքիր ինձ...» պիեսի (ըստ Ջ. Սելինջերի եւ Է. Հեմինգուեյի պատմվածքների) բեմադրությունն իրականացնելու նպատակով 1.500.0 հազ. դրամ է հատկացվել «Զետա» ՍՊԸ-ին:
Ներկայացված հաշվետվությունից չի երեւում, թե ներկայացումը որ թատրոնում է բեմադրվել, մինչդեռ պատվերը նախարարությունը համարել է կատարված, եւ ստորագրվել է երկկողմանի ընդունման-հանձնման ակտ` առանց ամսաթվի նշագրման:
«Զետա» ՍՊԸ-ն մշակութային կազմակերպություն չէ եւ զբաղվում է արտաքին գովազդի, ինչպես նաեւ խոհանոցային եւ գրասենյակային լամինացված կահույքի պատրաստմամբ եւ դիզայնով: Նախարարությունը, հաշվի չառնելով այդ հանգամանքը, պիեսի բեմադրման պայմանագիր է կնքել վերոնշյալ ՍՊԸ-ի հետ:
Ավելին, համաձայն պայմանագրի 1.7 կետի` կատարողը պարտավոր է պատվերի ավարտից հետո կազմակերպել տվյալ պիեսի բեմադրության ցուցադրությունը ոչ պակաս, քան տարեկան 6 անգամ: Հետաքրքիր է, թե որտեղ` լամինացված կահույքի արտադրամասո՞ւմ...
Բեմադրությունները թատրոններին պատվիրելու դեպքում բեմական ձեւավորման համար ձեռքբերված դեկորները եւ զգեստները դառնում են համապատասխան թատրոնի (ՊՈԱԿ-ի) սեփականությունը եւ արտացոլվում են թատրոնի հաշվեկշռում: Իսկ «Զետա» ՍՊԸ-ի ձեռք բերած 363.15 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ առարկաների սեփականատերն անհայտ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել