ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի ՕԵԿ-ի հետ
Ինչպես տեղեկաացրել էինք, այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը նիստ է գումարել, սակայն այն սկսվել է նախատեսվածից մեկ ժամ շուտ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ականները մեկ ժամ «շտապել» են ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիոն կառավարություն մաս չկազմելու մասին հայտարարության պատճառով:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է ներքաղաքական խնդիրներ, սակայն ամբողջությամբ չմանրամասնեց՝ պատճառաբանելով, թե շուտով մամուլի հաղորդագրություն են տարածելու: Սակայն, Է. Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն որոշել է կոալիցիա կկազմի ՕԵԿ-ի հետ, բայց ՀՀԿ-ին են մնալու ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնները:
Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ի համար անակնկալ էր ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելու հայտարարությունը, Է. Շարմազանովն ասաց, թե քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում, իսկ թե ինչու ԲՀԿ-ն նման կերպ վարվեց, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Դա ԲՀԿ-ի խնդիրն է»:
Ըստ մեր տեղեկությունների՝ թեեւ ՕԵԿ-ը «մեծ ախորժակ» ունի, սակայն գործադիր մարմնում նրան շատ պաշտոններ չեն տալու եւ ախորժակը բավարարելու են 2-3 նախարարական պորտֆելով ու փոխնախարարների պաշտոններով:
Նշենք, որ գործադիր մարմնի նիստին մասնակցել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը եւ այլք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել