ԲՀԿ-ից պատգամավոր չի ուզում դառնալ 28 հոգի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր ԲՀԿ համամասնական ցուցակից 28 անձինք ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ:
Սեփական դիմումներով պատգամավորական մանդատից հրաժարվել են քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, չորրորդ գումարման ԱԺ-ի ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, գործող պատգամավոր Հրանտ Մադաթյանը, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, Մխիթար Հարությունյանը, Ռուզաննա Գեւորգյանը, Շուշան Հակոբյանը, Մարինե Բոգդանյանը, Հռիփսիմե Ավետիսյան, Վազգեն Պողոսյանը, Տիգրան Մանուկյանը, Վեներա Գումլիյանը, Վարդան Գրիգորյանը, Սուսաննա Հակոբյանը, Արթուր Թամազյանը, Վազգեն Պողոսյանը, Վահրամ Առաքելյանը, Տաթեւ Շուխյանը, Արմեն Այվազյանը, Դիանա Ղուկասյանը, Սուսաննա Հակոբյանը Արսեն Աղաբաբյանը, Նելլի Աթոյանը, Սարգիս Ավետիսյանը, Արայիկ Ալեքսանյանը եւ Արսեն Ավագյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին մի քանի ԲՀԿ-ականներ հրաժարվելու են կուսակցական անդամատոմսերից եւ հնարավոր է ընդգրկվեն ՀՀԿ-ի շարքերը: Պատճառը Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունն էր, ըստ որի` մաս չեն կազմելու կոալիցիոն կառավարությանը:
Թե ինչ է լինելու գործող նախարարների ճակատագիրը՝ անհայտ է: Առավոտից հեռախոսազանգերին չէր պատասխանում քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ով ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավարն էր: Վարդան Վարդանյանի փոխարեն հեռախոսազանգերին պատասխանում է նրա վարորդը: «Ցավդ տանեմ, Գյումրիում ենք առավոտից, որ մի քիչ ուշ զանգես, կարող ա վերջացրած լինի, բնակարանների վիճակահանությանն ա մասնակցում»,-ամեն անգամ ասում էր նախարարի վարորդը:
Հարություն Քուշկյանից եւ Արթուր Գրիգորյանից պարզաբանում ստանալ եւս չհաջողվեց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել