
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ ռազմական օգնության հարցի քննարկման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Վերջինիս տվյալներով՝ Բլինքենը մտադիր է քննարկել Ուկրաինային և հարևան երկրներին մոտ 2,7 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության հատկացումը։ Գործակալությունը գրում է, որ սա Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Բլինքենի երկրորդ այցն է այդ երկիր։
Associated Press գործակալությունը նշում է, որ Բլինքենը ժամանել է Ուկրաինա, որպեսզի «ի ցույց դնի ԱՄՆ կողմից աջակցությունը»։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին, գրել էր, որ Բլինքենը կհայտարարի Ուկրաինային և ևս 18 պետությունների մոտ 2 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորման հատկացման մասին։ Ուկրաինայի պարագայում այդ ֆինանսավորումը կլինի լրացուցիչ օգնություն 675 միլիոն դոլարանոց փաթեթին, որի մասին այսօր հայտնել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
Լուսանկարը՝ AP Photo / Emilio Morenatti
Մեկնաբանել