
Եղիսաբեթ II թագուհին բժիշկների հսկողության տակ է. թագավորական ընտանիքը հավաքվում է Բալմորալ ամրոցում
Բուքինգհեմյան պալատը հայտնում է, որ կատարված հետազոտություններից հետո բժիշկները մտահոգված են Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի առողջությամբ և նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ։ BBC-ն գրում է, որ թագաժառանգ արքայազն Չարլզը ժամանել է թագուհու շոտլանդական նստավայր՝ Բալմորալ ամրոց։
Քորնուելի դքսուհի Քամիլան ևս Շոտլանդիայում է, իսկ Քեմբրիջի դուքս Ուիլյամն արդեն ճանապարհին է։ Բալմորալ է մեկնում նաև արքայազն Էնդրյուն, իսկ արքայադուստր Աննան արդեն հասել է այնտեղ։
Reuters գործակալությունը հայտնում է, որ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը ևս մեկնում են շոտլանդական ամրոց։
Նախօրեին 96-ամյա թագուհին հրաժարվել էր մասնակցել Կառավարության նախարարների գաղտնի խորհրդին, որի հանդիպումը կայանում էր առցանց։ Բժիշկները նրան խորհուրդ էին տվել հանգստանալ։
BBC-ի թագավորական ընտանիքի հարցերով թղթակից Շոն Քոհլանը հայտնել է, որ լուրջ մտահոգություններ կան թագուհու առողջության վերաբերյալ։ Ինչպես հայտարարել էր Բուքինգհեմյան պալատը, անցած տարվա վերջից թագուհին շարժունակության էպիզոդիկ խնդիրներ ուներ: BBC-ի նախկին թղթակից Ռիչարդ Սամներն էլ նշում է, որ պալատի ներկայիս հայտարարության մանրակրկիտ ձևակերպումը ենթադրում է, որ հավանաբար ինչ-որ լուրջ բան է տեղի ունենում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ողջ երկիրը խորապես մտահոգված է այդ նորությամբ, իսկ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, սըր Քեյր Սթարմերը և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել են, որ խորապես մտահոգված են Նորին մեծության առողջական վիճակով։
Ուելսի առաջին նախարար Մարկ Դրեյքֆորդն էլ Ուելսի ողջ ժողովրդի անունից առողություն է մաղթել թագուհուն։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը թագուհին Լիզ Թրասին նշանակել էր վարչապետ` Բալմորալ ամրոցում հանդիպումից հետո։ Թագուհին այնտեղ էր այս տարվա հուլիսից՝ անցկացնելու ամառային արձակուրդները։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել