HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Եղիսաբեթ II թագուհին

96 տարեկան հասակում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Բրիտանական թագավորական ընտանիքը։ 

«Այսօր կեսօրին Թագուհին խաղաղ մահացավ Բալմորալում։ Թագավորը և կոնսորտ թագուհին այս երեկո կմնան Բալմորալում և վաղը կվերադառնան Լոնդոն»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ կատարված հետազոտություններից հետո բժիշկները մտահոգված են թագուհու առողջությամբ և նրան խորհուրդ էին տվել մնալ բժշկական հսկողության տակ։

Թագավորական ընտանիքը հավաքվել էր Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ վերջին ամիսներին իր արձակուրդն էր անցկացնում Եղիսաբեթ II-ը։ Թագուհու շոտլանդական նստավայր էին ժամանել թագաժառանգ արքայազն Չարլզը, Քորնուելի դքսուհի Քամիլան, Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն։ 

Reuters գործակալությունը հայտնում էր, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը ևս մեկնում էին շոտլանդական ամրոց։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Հարրին միայնակ է ժամանել Բալմորալ, իսկ Մեգան Մարքլը մնացել էր Լոնդոնում։ 

Նախօրեին 96-ամյա թագուհին հրաժարվել էր մասնակցել Կառավարության նախարարների գաղտնի խորհրդին, որի հանդիպումը կայանում էր առցանց։ Բժիշկները նրան խորհուրդ էին տվել հանգստանալ։ Վերջին շրջանում, ընդհանրապես, թագուհին հաճախ էր բացակայում արարողակարգային միջոցառումներից։ Նրան փոխարինում էր որդին՝ Չարլզը։

Sky News-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայում սկսվել է ազգային սգի ժամանակաշրջանը, որը կտևի մինչև թաղման արարողությունը։ Եղիսաբեթ II-ի մարմինը կտեղափոխեն Բուքինգհեմյան պալատ, որտեղ այն կմնա 5 օր։ Սպասվում է, որ թաղման արարողությունը կկայանա թագուհու մահվանը հաջորդող 10-րդ օրը։

Թագուհու մահից հետո Վինձորյան և Բուքինգհեմյան ամրոցներում իջեցվել է դրոշը։ Աշխարհի առաջնորդներն արդեն իսկ ցավակցական հեռագրեր են ուղարկել։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր հարգանքի տուրքը մատուցելով թագուհուն և ցավակցելով Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին։

Թրասը թագուհուն անվանել է «հենց այն անկյունաքարը, որի վրա կառուցվել է ժամանակակից Մեծ Բրիտանիան»՝ հավելելով, որ հենց Եղիսաբեթ II-ի շնորհիվ է այդ երկիրը լիարժեք կայացել և դարձել գերտերություն։ Նա նաև ընդգծել է, որ թագուհին իր և բազմաթիվ բրիտանացիների համար եղել է ոգեշնչման աղբյուր։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև թագուհու ավագ որդին, Մեծ Բրիտանիայի նորընծա թագավոր Չարլզ III-ը։ 

«Իմ սիրելի մոր, Նորին մեծության թագուհու մահը իմ և իմ ընտանիքի բոլոր անդամների համար մեծագույն տխրության պահ է։ Մենք խորապես սգում ենք մեր սիրելի միապետուհու և սիրելի մոր մահը։ Ես գիտեմ, որ նրա կորուստը խորապես զգացվում է Համագործակցության բոլոր երկրներում և թագավորություններում, ինչպես նաև բազմաթիվ մարդկանց մոտ ողջ աշխարհում։ Սգո և փոփոխությունների ժամանակաշրջանում ինձ և իմ ընտանիքին կմխիթարի և կաջակցի այն գիտակցումը, թե ինչ հարգանքով և խորը կապվածությամբ էին վերաբերում Թագուհուն»,- նշվում է թագավորի հայտարարության մեջ։

Թագուհու մահվանից հետո Մեծ Բրիտանիայի օրհներգում «God Save the Queen» («Աստված, պահպանիր թագուհուն») տողը փոխարինվել է «God Save the King» («Աստված, պահպանիր թագավորին)» տողով։

Եղիսաբեթ II-ը 70 տարի շարունակ կառավարել է Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և ևս 12 անկախ երկիր։ Նա գահին բարձրացել էր՝ 25 տարեկան հասակում՝ 1952 թվականի փետրվարի 6-ին, հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո։ 

Եղիսաբեթ II-ը բրիտանական պատմության ամենաերկարակյաց, ինչպես նաև աշխարհի ամենահին գործող միապետն էր։ Նրա կառավարման օրոք Մեծ Բրիտանիայում փոխվել է 15 վարչապետ։ Տարբեր ժամանակներում նրա կառավարման օրոք վարչապետի պաշտոնն զբաղեցրել են Ուինսթոն Չերչիլը, Մարգարեթ Թետչերը, Թոնի Բլերը, Դևիդ Քեմերոնը, Բորիս Ջոնսոնը։ 

Նախորդ տարի թագուհին թաղեց իր ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին։ Վերջինս մահացավ 99 տարեկան հասակում, որից 73 տարին նա անց էր կացրել Եղիսաբեթ II-ի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter