HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չարլզ III-ը Միացյալ Թագավորության նոր թագավոր. նոր միապետի առաջին ամիսները բրիտանական գահին

Այն պահին, երբ արձանագրվեց թագուհու մահը, բրիտանական թագն անմիջապես և առանց որևէ արարողակարգի փոխանցվեց նրա իրավահաջորդին՝ Ուելսի նախկին արքայազն Չարլզին։ Սակայն մինչ նոր միապետի թագադրությունը կան արարողակարգային և ավանդութային մի շարք ընթացակարգեր։ BBC-ն առանձնացրել է հիմնական արարողակարգային գործողությունները, որոնք սպասվում են բրիտանական գահի նոր տիրակալ Չարլզ III-ին։

Թագավորական ընտանիքի անդամների նոր կոչումները

Նոր թագավորին կսկսեն անվանել Չարլզ III։ Ռուսալեզու աղբյուրներում նշվում է նաև Կարլ III տարբերակը։ Սա պայմանավորված է նրանով, որ XIX դարի վերջից, ավանդույթի համաձայն, բրիտանական գահի տիրակալներին նշելիս ռուսները կիրառում են անվանումների գերմանաֆիկացված տարբերակները։ Այսպես, ռուսական աղբյուրներում ասվում է Գեորգ, այլ ոչ թե Ջորջ, Վիլհելմ, այլ ոչ՝ Ուիլյամ։

Չարլզը կարող էր ընտրել իր չորս անվանումներից յուրաքանչյուրը, որովհետև նրա ամբողջական անունն է Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ։ Ընդ որում, նոր անվան ընտրությունը դարձել է գահին նոր միապետի առաջին որոշումը։ Չնայած արքայազն Ուիլյամը դարձավ թագաժառանգ, նա ինքնըստինքյան չի դառնա Ուելսի արքայազն, սակայն կժառանգի հոր կոչումը՝ Քորնուելի դուքս։ Ուիլյամի կնոջը՝ Քեյթ կամ Քեթրին Միդլթոնին այժմ կանվանեն Քորնուելի դքսուհի։ 

Չարլզի կինը՝ Քամիլան, չի դառնա թագուհի, այլ՝ կոնսորտ-թագուհի։ «Կոնսորտ» բառով բնորոշում են միապետի կնոջը կամ ամուսնուն։

Պաշտոնական արարողակարգ

Թագուհու մահվանը հաջորդող առաջին օրերի ընթացքում Չարլզը պաշտոնապես կհռչակվի թագավոր։ Դա տեղի կունենա Լոնդոնի Սենթ Ջեյմսի ամրոցում, արարողակարգային մարմնի առաջ, որը նաև հայտնի է Գահաժառանգման խորհուրդ անվամբ։ Դրա կազմում են Միապետի գաղտնի խորհրդի անդամները՝ խորհրդարանի նախկին և գործող անդամներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգերի համագործակցության անդամ երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանները և Լոնդոնի քաղաքապետը։

Տեսականորեն, արարողությանը մասնակցելու իրավունք ունի ավելի քան 700 մարդ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թագուհու մահվան մասին հայտնի դարձավ մեկ օր առաջ, այս արարողության մասնակիցների թիվն ավելի քիչ կլինի։ 

Գահաժառանգման խորհրդի վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 1952 թվականին, հավաքվել էր մոտ 200 մարդ։ Սովորաբար, նորընծա միապետը չի մասնակցում այդ հանդիպմանը։ 

Խորհրդի ժամանակ Գաղտնի խորհրդի նախագահը (հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Փենի Մորդաունթը) կհայտարարի Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին և բարձրաձայն կընթերցվի հայտարարություն (պրոկլամացիա)։ Հայտարարության ձևակերպումները կարող են փոփոխվել, սակայն ավանդաբար այն ներառում է աղոթքներ և հավատարմության խոստումներ, նախորդ միապետի հասցեին դրվատանքի խոսքեր և հայտարարություններ նոր միապետին հավատարմության վերաբերյալ։

Դրանից հետո հայտարարությունը կստորագրեն բարձրաստիճան մի շարք անձինք, այդ թվում՝ վարչապետը, Քենթերբերիի արքեպիսկոպոսը և լորդ-կանցլերը (Լորդերի պալատի նախագահը)։ Ինչպես մյուս նմանատիպ արարողությունների ժամանակ, հատուկ ուշադրություն կդարձվի նրան, թե ինչ փոփոխություններ կմտցվեն, ինչ է ավելացվել կամ նոր ձևով իրականացվել՝ որպես նոր դարաշրջանի գալստի նշան։

Թագավորի առաջին հռչակագիրը

Հաջորդ օրը կրկին հավաքվում է Գահաժառանգման խորհուրդը՝ այս անգամ արդեն թագավորի և Գաղտնի խորհրդի անդամների մասնակցությամբ։ Բրիտանական միապետների կառավարման սկզբում երդման արարողակարգ չկա։ Դա նման չէ այլ պետությունների ղեկավարների պաշտոնավարման մեկնարկին, ինչպես, օրինակ, ԱՄՆ նախագահի պարագայում։ Բայց կա մի հռչակագիր, որը պարտադիր է: Ավանդույթի համաձայն, որը ծագում է XVIII դարից, նա երդում կտա՝ պաշտպանելու Շոտլանդական եկեղեցին:

Երբ հնչեն շեփորները, Չարլզը կհռչակվի նոր թագավոր։ Դա տեղի կունենա Սենթ Ջեյմսի ամրոցի պատշգամբում, Լոնդոնի կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի մոտ։ Նա կհայտարարի. «Աստված, պահպանի՛ր թագավորին»։ 1952 թվականից ի վեր առաջին անգամ պետական օրհներգում կհնչի «Աստված, պահպանի՛ր թագավորին» նախադասությունը։ Այնուհետ Լոնդոնի Հայդ փարքում, Թաուերում և ռազմանավերից կարձակվի հրետանային զարկ։ Չարլզի՝ թագավոր դառնալու պրոկլամացիան կընթերցվի Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքներում՝ Էդինբուրգում, Քարդիֆում և Բելֆասթում։

Թագադրում

Գահաժառանգության գործընթացի խորհրդանշական գագաթնակետը կլինի թագադրման արարողությունը, երբ Չարլզը պաշտոնապես ստանա թագը: Քանի որ դրա համար անհրաժեշտ է մանրակրկիտ պատրաստություն, քիչ հավանական է, որ դա տեղի ունենա Չարլզի գահ բարձրանալուց անմիջապես հետո: Եղիսաբեթ II թագուհին միապետ է դարձել 1952 թվականի փետրվարին, բայց թագադրվել է 1953 թվականի հունիսին:

Վերջին 900 տարվա ընթացքում թագադրումը կատարվել է Վեսթմինսթերյան աբբայությունում։ Բրիտանական առաջին միապետը, որն այնտեղ է ստացել իր թագը, Վիլհելմ Նվաճողն էր։ Չարլզը կդառնա 40-րդը։

Արարողությունը եկեղեցական է, իրականացնում է Քենթերբերիի արքեպիսկոպոսը։ Թագադրման վերջում նա Չարլզի գլխին կդնի Սուրբ Էդուարդի թագը, որը պատրաստվել է մաքուր ոսկուց 1661-ին։

Այն բրիտանական թագերի մեջ գլխավորն է և պահվում է Լոնդոնի Թաուերում։ Միապետն այն կրում է միայն թագադրման պահին։ Դրա քաշը 2,23 կգ է:

Ի տարբերություն թագավորական հարսանիքների, թագադրումը պետական արարողություն է, դրա կազմակերպման համար վճարում է կառավարությունը, ինքն էլ կազմում հրավիրյալների ցանկը:

Թագադրման ժամանակ կհնչի երաժշտություն, հատվածներ տարբեր տեքստերից, կկատարվի նոր միապետի օծման ծիսակարգ՝ օգտագործելով տարբեր յուղեր, այդ թվում՝ նարնջի, վարդի, դարչինի, մուշկի և համպարի։ Ստանալով պետական խորհրդանիշ գավազանը՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսը նրա գլխին կդնի ոսկե թագը։

Ազգերի համագործակցության ղեկավար

Միացյալ Թագավորության միապետը նաև Ազգերի համագործակցության ղեկավարն է։ Այն 56 անկախ պետությունների ասոցիացիա է, որտեղ բնակվում է 2,4 միլիարդ մարդ։ Բացի Մեծ Բրիտանիայից, նա կլինի նաև 14 երկրների ղեկավար, որոնց թվում են Ավստրալիան, Անտիգուա և Բարբուդան, Բահամները, Բելիզը, Կանադան, Գրենադան, Ճամայկան, Պապուա Նոր Գվինեան, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Նոր Զելանդիան, Սողոմոնի կղզիները և Տուվալուն։

Լուսանկարը՝ Chris Jackson / Clarence House via Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter